Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) մոտ է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված Via+ համակարգի մշակման ավարտին։ Այն շուրջօրյա կվերահսկի ավելի քան 800 հեռուստաալիք, կվերլուծի ինտերնետում հրապարակվող նյութերը և ինքնաբերաբար կբացահայտի հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումները։ Այս մասին նոյեմբերի 8-ին հայտարարել է RTÜK-ի ղեկավար Մեհմեթ Դանիշը։
«Via+-ը ԱԲ-ի վրա հիմնված նոր համակարգ է, որը մեզ թույլ է տալիս իրականացնել մշտադիտարկման և վերահսկողության գործառույթներ։ Այն կարող է վեց արբանյակների միջոցով միաժամանակ հետևել ավելի քան 800 ալիքի, ինչպես նաև վերահսկել գրեթե բոլոր ինտերնետային մեդիահարթակները», — նրա խոսքերը մեջբերված են գերատեսչության կայքում։
Դանիշն ընդգծել է, որ Via+-ը տեղեկատվական տարածքում Թուրքիայի համար կդառնա յուրօրինակ պաշտպանական վահան՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովող «Պողպատե գմբեթ» համակարգի նման։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ համակարգը կկարողանա օրական մշակել մինչև 19,2 հազար ժամ ձայնագրություն, նյութերը թարգմանել 12 լեզվով և վերլուծել ավելի քան 300 միլիոն կադր։ Ընդ որում, Via+-ը հնարավոր խախտումները կճանաչի բովանդակության թե՛ ձայնային, թե՛ տեսողական հատվածներում։
Նրա խոսքով՝ համակարգի մշակումն ավարտված է 90%-ով, ներկայում Via+-ը փորձարկվում է, իսկ գերատեսչության մասնագետները սովորում են աշխատել նոր տեխնոլոգիայով։ Համակարգը նաև հավատարմագրվել է RTÜK-ի պահանջներին համապատասխան, այժմ աշխատանքներ են տարվում մշտադիտարկման դեպարտամենտն այդ համակարգին միացնելու ուղղությամբ։





























