Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44–օրյա պատերազմը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, իսկ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Իննը կետից բաղկացած հայտարարության մի շարք դրույթներ, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Մասնավորապես, չիրականացան տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և ռազմագերիների ու այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Եռակողմ հայտարարությունից գրեթե երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները, իսկ Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները գերեվարվեցին և տեղափոխվեցին Բաքու։

2024 թվականի հունիսին՝ նախատեսված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս եկան արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղից։ Արդեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ կան։