«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի վերաբերյալ որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է ձևավորված պրակտիկայի հակասահմանադրական լինելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արամ Օրբելյանը:

«Սա կոչ է բոլոր դատավորներին, որոնք այդ գործերը քննում են, մի քիչ դուրս եկեք դասընթացների ծավալներից, ինչ-որ դասախոսները գալիս միջազգային փորձագետները նկարագրում են, փորձեք օրենքի վերլուծություն անել:

Բոլորը խոսում են, որ այս գործերով ապացուցման շեմը հավանականությունների հավասարակշռությունն է: Մինչդեռ ՀՀ-ում գործում է Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ստանդարտը հետևյալն է՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ուրիշ ստանդարտ չկա:

Կան պրեզումցիաներ, որն ասում է՝ համարում ենք այս փաստը հաստատված կամ հերքված, քանի դեռ հակառակը չի ապացուցված: Վենետիկի հանձնաժողովը երբ կարծիք է գրել ՍԴ-ի դիմումով, նաև մատնանշել է հենց այս հակասությունը, ասել է՝ նման գործերով ցանկալի է, որ լինի այսպիսի ապացուցման ստանդարտ, բայց այդպիսին չի: Ավելին ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք գործերով արձանագրել է, որ ենթադրության հիման վրա դատարանը չի կարող որոշում կայացնել:

Կարող են լինել մոդելներ, որտեղ գույքի բռնագանձումը կապ չունենա հանցագործության հետ, բայց չի կարող լինել մոդել, երբ անձը մեղադրվում է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, դրա հիման վրա սկսում ենք ուսումնասիրել ու գնում ենք բռնագանձում ենք լրիվ ուրիշ գույք: Այ սա հակասահմանադրական է, դրա համար ՍԴ-ն ասել է՝ եթե ուսումնասիրություն սկսելու հիմքը հանդիսացել հանցագործության փաստը, կարող եք բռնագանձել բացառապես հանցագործության արդյունքում ստացված գույքը: Այսինքն, պետք է ուղիղ կապ լինի»,-ասաց Օրբելյանը:

Անդրադառնալով նրան, թե ի՞նչ պետք է լինեն ապօրինի գույքի հետ կապված գործերը, նա նշեց. «Հայցվորն իրավունք չունի հանցագործության հետ չկապված գույքը բռնագանձել, իսկ հայցում դրա մասին որևէ հիմնավորում չկա, հայցը դառնում է ակնհայտ անհիմն: Նույնիսկ եթե հայցում նշված բոլոր հանգամանքները հաստատվեն, դատարանը, միևնույնն է, չի կարողանա կայացնել բռնագանձելու որոշում, որովհետև կապը հանցագործության հետ նշված չի, որ հաստատվի կամ հերքվի։ Ես ակնկալում եմ, որ դատարանները այս պրակտիկային կհետևեն»: