Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում կոռուպցիայի կանխարգելման գլոբալ քաղաքականությունը չի համակերպվում մարդու իրավունքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Ես տեսնում եմ ՄԻԵԴ-ի ճիգերը, ինչ-որ կերպ կոմպրոմիսների գնալ, չէ՞ որ ՄԻԵԴ-ը ստեղծել է 40 տարվա նախադեպային իրավունք, օրինակ, որ չի կարելի զուգամիտել քրեական գործը քաղաքացիական գործի հետ, առավել ևս չի կարելի քրեական գործից բերել նյութեր և դնել քաղգործի մեջ, առավել ևս չի կարելի գաղտնի պայմաններով ստացված օպերատիվ տվյալները կիրառել քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու համար, որովհետև անձը գաղտնի եղանակով ստացված տվյալների դեմ չի կարող պայքարել քաղդատավարության գործիքներով: Որովհետև քաղդատավարության գործիքները չափազանց պրիմիտիվ ու չափազանց բութ են, որպեսզի կարողանան պայքարել հանցավորության մեջ կասկածի հիմքով ստացված քրեադատավարական գործիքների դեմ։

Ահա այս հակասականությունը մենք արդեն տեսանք ՍԴ որոշման մեջ, բայց կրկնեմ, սա միայն ՍԴ-ի խնդիր է։ ՍԴ-ի միակ մեղքը այն է, որ երեք տարի տևեց դա, և այդ ընթացքում դատարանները հեղեղվեցին գործերով, և հիմա դատարանները և դատախազները կանգնած են փաստի առջև։

Հիմա դատախազները և դատարանները կանգնած են լրջագույն փաստի առաջ, որ իրենք պետք է լուծումը տեսնեն հանրային և մասնավոր շահերի փոխհավասարակշռման մեջ»,-ասաց նա:

Արա Ղազարյանը նկատեց, որ ՄԻԵԴ-ը շարունակ շեշտում է, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով ի սկզբանե պետությունը դոմինանտ վիճակում է գտնվում, իր ահռելի վարչաիրավական, քրեադատավարական, քրեաիրավական գործիքներով. «Թեկուզ անունը դնում ենք քաղաքադատավարություն, որտեղ քաղաքացին քաղաքացու դեմ է դուրս գալիս, այս այստեղ պետությունն է քաղաքացին, որը դուրս է գալիս մեկ այլ քաղաքացու դեմ, հետևաբար շատ կարևոր է և ՍԴ-ն շեշտել է այդ միտքը, թե ինչպես պետք է ապացուցվի այդ հավաստիությունը, անպայման պետք է ուշադրություն դարձնել՝ պատասխանողների դատավարական իրավունքները հարգվել են թե ոչ։ Օրինակ դա վերաբերում է հաշվարկի մեթոդներին, օրինակ հիմնվելով աշխատավարձի նվազագույն չափի վրա, կամ թույլ չտալով որոշակի սահմանագծից վեր, որպեսզի գործարքի օրինականությունը հիմնավորվի վկայի արձանագրությամբ: Նման ապացուցողական սահմանափակումները անհամաչափ մեծ բեռ են սահմանում պատասխանողի վրա, որտեղ պետությունը ի սկզբանե դոմինանտ կարգավիճակում է գտնվում»:

Արա Ղազարյանը հայտարարեց, որ ամենամեծ խնդիրն այստեղ հետադարձելության հարցն է՝ հետ գնալ մինչև 90-ականներ, 90-ականներից բերել ապացույցներ, ովքեր փորձել են գույք վաճառել կամ գնել 90-ականներին. «Այն ժամանակ նույնիսկ ամոթ էր համարվում պայմանագիր կնքելը,  ասում էին՝ ի՞նչ է, չես վստահո՞ւմ: Չկային կառուցակարգեր, չկային օրենքներ: Եթե մենք հաշվի չառնենք, որ դժվար է 90-ականներից ապացույց բերել, ապա ի սկզբանե դնում ենք անհավասար վիճակի մեջ պատասխանողին ընդդեմ պետության»:

Նրա խոսքով, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում եւս հակասություններ կան, և հաճախ ՄԻԵԴ-ը գերադասում է հենց սկզբից մերժել  գործը, որպեսզի չմտնի մի տիրույթ, որի վերաբերյալ, եթե ինքը որոշում կայացնի, մի կողմից կհակասի հակակոռուպցիոն գլոբալ քաղաքականությանը, մյուս կողմից կհակասի իր 40 տարվա նախադեպային իրավունքին»: