Ինչի՞ մասին է «չորրորդ հանրապետությունը», շատ պարզ գաղափար է, Ադրբեջանը իր հերթական պահանջներն է դնում Հայաստանի առաջ և այդ պահանջների մեջ է մտնում նաև սահմանադրության փոփոխությունը. և հիմա այդ փոփոխությանը գաղափարական երանգ տալու համար ազգի ռեֆորմի գաղափար են առաջ բերում, թե պետք է մեր մտածողությունը, պատմության նկատմամբ մեր վերաբերմունքը փոխենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այդ հանրապետությունների բաժանումը բոլորին հայտնի է, որ ֆրանսիական քաղաքական մտքի ծնունդն է, ինչը ուներ բնական պատճառներ, որովհետև ֆրանսիական հեղափոխությունը եկավ, ստեղծվեց առաջին հանրապետությունը, Բուրբոնները վերականգնվեցին, հետո 1848-1852 թվին երկրորդ հանրապետությունը ստեղծվեց, որից հետո Նապոլեոնը իրեն կայսր հռչակեց։ Այսինքն ինչ-որ տրամաբանություն կար։
Քաղաքագիտական առումով «չորրորդ հանրապետություն» ստեղծելու մեջ տրամաբանություն չկա։ Սա հերթական մանիպուլյացիան է ադրբեջանական պահանջները կատարելու համար, սակայն պետք է դրան գաղափարական հիմք տալ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանը պնդում է, որ այն նպատակները, այն գաղափարները, որ դրված են երրորդ Հանրապետության հիմքում, դա Հայաստանը տանելու էր կործանման, իրենք դա կասեցրել են, Դանիելյանն ասաց. «Այստեղ նույնպես մանիպուլյացիա գոյություն ունի։ Ինքն իր բերանով ասում է, որ 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, այսինքն սահմանային որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ չի եղել։ Եղել է այլ բան, Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախություն է հռչակել, և Հայաստանը պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, և դրա համար ստեղծվեց ԵԱՀԿ–ի Մինսկի խումբը։ Նաև Ադրբեջանը ճանաչեց, որ կա այս խնդիրը։
Այսինքն, երրորդ հանրապետությունը չի ստեղծվել Ադրբեջանի հանդեպ պահանջով։ Հիմա, եթե ինքը իրավական առումով ուզում է ձևակերպել չորրորդ հանրապետությունը, այստեղ որևէ փոփոխելու բան չկա»,–ասաց նա։
Քաղաքագետ նկատեց, որ ԱԳ նախարարը վտանգավոր բան է հայտարարել՝ նշելով, որ Ադրբեջանի հետ եթե խաղաղության պայմանագիր էլ կնքենք, դեռ ամեն հարց լուծված չի, թշնամությունը ժողովուրդների մեջ ատ մեծ է. «Դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի եղել, ոչ 90-ական թվականներին, ոչ 2000–ական թվականներին։ Ոչ Հայաստանն է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ոչ Ադրբեջանը՝ Հայաստանին։ Ադրբեջանի տարածքում դե յուրե գոյություն կոնֆլիկտ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Հիմա, եթե իրենք իրավական առումով ասում են՝ խաղաղության պայմանագիր ենք կնքում, նշանակում է իրենք ճանաչում են, որ Հայաստանը եղել է պատերազմի մեջ։ Եթե Հայաստանը եղել է պատերազմի մեջ, ուրեմն պարտություն է կրել, կապիտուլյացիայի ենթարկվել, և Ադրբեջանը այս տրամաբանությունը վերցնում է և շարունակում է, ասում է՝ դուք որպես կապիտուլյացիայի ենթարկված երկիր ռեպարացիաներ պետք է վճարեք, բազմաթիվ պահանջներ է դնում, այդ թվում նաև սահմանադրության փոփոխությունը։
Այսինքն Հայաստանի գիտակից քաղաքականության մասին պատկերացում ունեցող որևէ ղեկավար, խաղաղության պայմանագիր տերմինը չպետք է օգտագործեր երբեք։ Պետք է խոսել հարաբերությունների ձևավորման մասին»,– ընդգծեց Միքայել Դանիելյանը։











