Այս պահին Հովհաննավանքում ընթանում է պատարագ, որը մատուցում է կարգալույծ քահանան՝ Ստեփան Ասատրյանը: Եկեղեցում մեծ թվով մարդիկ են, որոնց մեծ մասը ՔՊ-ականներ են՝ պատգամավորներ, նախարարներ, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարբեր մարզերից եկած համայնքապետեր, մարզպետեր, աղմկահարույց տարբեր միջադեպերից հայտնի ՔՊ-ի աջակիցներ: Եկեղեցու ներսում եւ դրսում մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ կան: Ոստիկանների աշխատանքը անձամբ հսկում է ոստիկանապետ Արամ Ղազարյանը, այստեղ են նաեւ փոխոստիկանապետը եւ պարեկային ծառայության պետը:

Մինչեւ Փաշինյանի գալը որոշ ՔՊ-ականներ լրագրողների հարցին, թե ինչպես են մասնակցում կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին, անվերջ կրկնում էին Փաշինյանի հնչեցրած թեզը, թե «կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել»՝ նկատի ունենալով Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Հարցին, թե ով է կարգալույծ արել կաթողիկոսին, ՔՊ-ականները պնդում էին, թե «ժողովուրդը»:

Լրագրողները հարց էին ուղղում, թե  ժողովուրդ ասելով, արդյո՞ք նկատի ունեն իշխանությանը եւ նրանց աջակիցներին, եւ արդյո՞ք այսօր իշխանությունը իրավունք ունի խոսել ժողովրդի անունից՝ հաշվի առնելով Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ընտրությունների արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ ՔՊ-ն այլեւս չի վայելում ժողովրդի լայն աջակցությունը:

Բոլոր այս հարցերին ՔՊ-ականները պատասխան չունենալով կրկնում էին նույն թեզը «կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել»: