Վարդան Ղուկասյանի դեպքում ընտրություններից մի քանի ամիս հետո եղավ իր համար այս հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո ՔՊ–ն գնաց այս ճանապարհով, հիմա, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեպքում,  երբ դա պատահում է մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո, հիմա էլ ասում եք՝ ընտրություններին ընդառաջ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ  Մասիսի համայնքապետը 6 տարի 3 ամսով ազատազրկվեց, այն դեպքում, երբ գործը յոթ տարի քննվում էր, և հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյո՞ք սա ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացի մի մասը չէ։

«Կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ հետաքրքրված չեմ և չեմ տիրապետում, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ։ Եվ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալիս։

Ոչ, սա քաղաքական հետապնդում չի, առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին։ Իմիջիայլոց երեկ էլ, երբ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում Վաղարշապատում՝ առաջ բերելով հրատապ և այլ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պիտի ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում նաև այն ծրագրերը, որոնցում ուղիղ իմ հաստատումը կա և ուղիղ իմ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են։ Եթե թվարկեմ, կարող է պարզվի, որ առաջին տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են»,–ասաց նա։

Խուդաթյանը հայտարարեց, որ ՔՊ–ն Վաղարշապատի ընտրություններում մտահոգվելու առիթ չունի. «ՔՊ–ն 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում մեծամասնության քվեն ստացել, և մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը և դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։

Գնահատականը պիտի տան քաղաքացիները, մենք որպես այդպիսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ։ Պիտի ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող, հարց լուծող կառույց է»,–ասաց նա։