Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն ու գնահատականը անձի անձնական տվյալների վերաբերյալ ապօրինի հավաքագրման և հրապարակման վերաբերյալ, այդ թվում ընդամենը օրեր առաջ մարդկանց բնակարանում կատարված գաղտնի տեսագրությունը բաղնիքում, ննջարանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ արդյո՞ք նախատեսված են ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ և այդ ուղղությամբ քննարկումներ եղել են, թե ոչ»,–ասաց Մինասյանը։

Ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասաց. «Առաջինը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված. Արդարադատության նախարարությունում այս ուղղությամբ կա առանձին մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով։ Սակայն կա առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ, և եթե որոշում լինի այն մասին, որ պետք է առանձին մարմին լինի, ապա դա տեղի կունենա և հավելյալ միջոցները կհատկացվեն։ Այս պահի դրությամբ այդ առանձին մարմնի ստեղծման համար միջոցներ նախատեսված չեն։

Ես, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարծում եմ որ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն։ Դրանց ձեռք բերումը և տարածումը իհարկե դատապարտելի է և ապօրինի է։ Կարծում եմ, որ մեր կառավարությունում չկա այդպիսի մարդ, ով այդպես չի մտածում»։

Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Ես կոնկրետ դեպք բերեցի, դա այն դեպքն է, երբ անձի բնակարանում իրականացվել է տեսագրություն ինտիմ հարաբերության վերաբերյալ և հրապարակվել է։ Նախ ,որպես կառավարության անդամ կխնդրեմ, որպեսզի այ սրա վերաբերյալ ձեր հստակ գնահատականը և նաև միջոցները, միջոցառումները, որոնք որ նախատեսվում է ձեռնարկել նման այլանդակությունը և հանցագործությունները կանխելու ուղղությամբ։

Կխնդրեմ, որ բոլոր զեկուցողները անդրադառնան այս հարցին, բոլոր գերատեսչությունները պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն։ Ինչ որ ես չեմ լսել կառավարության պաշտոնական դատապարտումը այս երևույթների առումով։ Ես լսել եմ մարդու իրավունքների պաշտպանի գնահատումը, առանձին պատգամավորների գնահատում, բայց ոչ կառավարության, գործադիր իշխանության»։

Ֆինանսների նախարարն էլ ասաց. «Դա կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որ ես ասեի, որ, օրինակ, ողջունում եմ, որ ինչ-որ մեկի անձնական տվյալները ինչ-որ մեկը գողանում է և հրապարակում է։ Բնականաբար ցանկացած դեպք, այդ թվում ձեր նշած դեպքը, որին իհարկե ես մանրամասն ծանոթ չեմ, իհարկե դատապարտելի է»։

Հիշեցնենք, որ օրերս Արշակ Սրբազանի վերաբերյալ էին գաղտնի նկարահանված տեսանյութեր տարածվել համացանցում։