Ես կառավարության անդամ եմ և կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք աջակցում է վարչապետին՝ հակակաթողիկոսական իր արշավում։

Հարցին՝ ինքը ևս կարծում է, որ կաթողիկոսը պետք է հեռանա, նախարարը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին այն, ինչ տեղի է ունենում, կապ ունի հոգևորի հետ։ Դա ինձ, ինչպես և ցանկացած մեր երկրի քաղաքացու խորը ցավ է պատճառում։

Ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի, և կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը»։

Լրագրողներին նաև հետաքրքրում էր, թե ԿԳՄՍ նախարարը կմասնակցի՞ «Էջմիածինն ազատագրելու» նպատակով կազմակերպվելիք հոգևոր հավաքին, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրեասյանն ասաց. «Երբ որ կազմակերպվի, կմտածեմ»։