Որդիս ավագ լեյտենանտ էր, 2016–ի պատերազմին մասնակցել է, 44–օրյա պատերազմին մասնակցել է, վերջին օրը, վերջին ժամին վիրավորվել. Վիրահատեցին, ուղարկեցին Երևան, բայց ճանապարհին կյանքի թելը կտրվեց, թողեց մեզ անտեր՝ իր երեք երեխաներին, կնոջը, քույրերին, բոլորին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նշեց զոհված Արմեն Սարգսյանի մայրը՝ Արևիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ Արցախում Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում են ապրել։
«Մենք Ստեփանավանում ենք ապրում, ամուսինս էլ այնտեղ մահացավ մեկ տարի առաջ։ Ամեն տարի այսօրը, նաև իր ծննդյան օրը գալիս ենք այստեղ։ Չենք կարողանում ապրել առանց Արմենի, շատ դժվար է։ Տուն–տեղ թողել ենք, բայց գլխավորը իմ տղան է, եթե կենդանի լիներ, հեչ վեջս չէր լինի, որ տուն եմ կորցրել։
Ինքը մարզիկ էր, Թաեքվոնդոյի սպորտի վարպետ, սև գոտի ուներ։ Շատ զուսպ, հավասարակշռված, զարգացած, մեծերին հարգող, լավ հայր, հոգատար ամուսին, հոգատար որդի էր։
Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ հագնվեց, ասաց՝ գնում եմ մեր զորամաս, կանչել են։ Դրանից հետո 46 օր ես իրեն չտեսա։ Ինքը հետախույզ էր, ես չէի ուզում իմ զանգերով իրեն խանգարեմ։ Կինը Արտաշատում էր ապրում, կնոջից էի հետաքրքրվում, թե ինչ նորություն կա Արմենից։
Վերջին օրը հարսս խոսել է իր հետ առավոտյան։ Իրեն մեդալ էլ էին տվել, որ իրենց ջոկատը բարձունք է գրավել, բայց ինքը տեղյակ չէր։
Նոյեմբերի 9–ի կեսօրից հետո զանգերը դադարեցին։ Փոքր աղջկաս ամուսինը աշխարհազորային է, ասաց՝ Արմենը վիրավորվել է, բայց ծանր չի, թեթեւ է, մենք հանգստացանք, ուրախացանք, որ ողջ է մնացել։ Ի՞նչ իմանայի, որ մեկ օր հետո իմ մինուճար տղան չի լինելու։ Տանկի արկի պայթյունից էր վիրավորվել։
Մենք գնում էինք իրեն տեսնելու Վարդենիսի հիվանդանոց. Ճանապարհին աղջիկս զանգեց, ասաց՝ հետ եկեք Արտաշատ, Արմենը էլ չկա։ Չգիտեմ՝ ի՞նչ պատկերացրեցի այդ պահին։ Հետո իմացանք, որ մի քանի օր առաջ էլ հարսիս եղբայրն է զոհվել, կապիտան էր։ Հարսս չգիտեմ՝ ինչ վիճակում էր։ Երեք աղջիկ ունի, ուրիշի տանն էին ապրում։ Մի լավ կին իր տան մեջ պահում էր։
Ես հպարտ եմ, որ որդիս հանուն հայրենիքի է զոհվել, բայց միաժամանակ տխրում եմ, որ բոլոր տղաներն իրենց մայրերին կանչում են՝ մամա, ինձ կանչող չկա։ Իր երեխաները մնացին անտեր, իր կինը, որ հիմա ուսուցչուհի է աշխատում, շատ էր իրեն սիրում։ Ափսոս, որ այդքան կարճ տեւեց իրենց երջանկությունը։
Թող էլ ոչ մի մայր արտասուք չթափի, թող էլ պատերազմ չլինի, անիծվի պատերազմն էլ, պատերազմ բերողն էլ»,–ասաց նա։











