Իշխանությունները օգտագործում են իրենց պաշտոնները և դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հորդորում են, որ իրենց կոլեկտիվին ասեն, որ ընտրեն իրենց թեկնածուին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, ով ընդգրկված է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում։

«Իշխանությունները վեց ամիս շուտ սկսել են մարդկանց գրանցել տարբեր հասցեներով։ Իմ հորդորն է, որ ուշադիր լինեն, որ եթե իրենց տան հասցեների վրա ավել մարդ կա գրանցած, ապա դիմեն»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշել քաղաքականությամբ զբաղվել, ընտրական գործընթացի մասնակցել, նա պատասխանեց. «Ես չէի ուզում քաղաքականությամբ զբաղվել, բայց մեր երկրի կործանումը տեսնելով որոշեցի, որ պետք է զբաղվեմ քաղաքականությամբ, որովհետև իմ հայրը թույլ չէր տա այս ամեն ինչը, այս քաոսը, այս երկրի կործանումը։ Ես փորձում եմ շարունակել նրա գործը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Ժամը 14։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 15 868 մարդ կամ 22.71 %-ը։