Իրավական առումով գործ որպես այդպիսին չկա, իշխանության գործելաոճը Սամվել Կարապետյանի հետ կապված, չհաշված մյուս դեպքերը, ենթադրում են վախ Սամվել Կարապետյանից՝ դուրսը լինելով ինչպիսի համախմբում կարող է նա ապահովել։ Դրա համար այս պահին իրենց ձեռնտու է, որ նա ազատության մեջ չլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով երեկ ՀԾԿՀ որոշմանը, որով «Տաշիր կապիտալը» զրկվեց ՀԷՑ–ի լիցենզիայից, Ղազինյանն այն անվանեց ֆարս. «Մենք դրան մասնակցել ենք միայն մի բանի համար, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ են անում։ Դուք տեսել ենք, թե ինչ կոնկրետ փաստերով կոտրում էինք իրենց մնդումները։ Իրենց նպատակը անգամ փաթեթավորումն էլ չէր, դրանք դատարկ ու սուտ էին։ Բերում էին վկաների՝ մեր աշխատակիցների ցուցմունքներ, մենք ասում ենք՝ այստեղ ցուցմունքները հակասում են, առաջարկում ենք այդ մարդկանց բերել այստեղ հարցաքննել։ Ուղղակի մերժում են»,–ասաց նա։

Խոսելով ՀԾԿՀ անդամների մասին, Ղազինյանն ասաց. «Ափսոսում եմ, որ այդ մարդկանց ճանաչել եմ այլ կերպ, բայց երեկ տեսա բոլորովին ուրիշ բան։ Պատվերը կատարելու ձեւ էլ կա, գոնե ձեւական կողմը պահեին։

Շատ կարևոր հանգամանք է, որ հանձնաժողովի նախագահը երեք օր անընդմեջ իմ հարցապնդումներին որեւէ պատասխան չուներ, իսկ դուրս գալուց հետո բրիֆինգ է անում, բացարձակ սուտ մտքեր է արտահայտում։ Կարծում եմ՝ բժշկի դիմելու կարիք ունի՝ լսողության ու տեսողության հետ կապված։

Կաշկանդվածությունը երեւում էր ամեն մի պահի, ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը աչքը թարթում էր, ինքն արդեն գիտեր՝ ինչ պետք է անի»,–ասաց նա։

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։