Մարտարվեստների հայտնի ակադեմիան՝ «Lion Heart»–ն արդեն Երևանում է։ Tashir Group-ի աջակցությամբ ստեղծված ակումբը կրթա-մարզական եզակի հարթակ է, որտեղ պատրաստվում են համաշխարհային մակարդակի չեմպիոններ։

«Այս տարիների ընթացքում մենք դաստիարակել ենք չեմպիոնների մի ամբողջ սերունդ, բազմաթիվ հայ մարզիկների հնարավորություն ենք տվել զարգացնել իրենց պոտենցիալը։ Վստահեցնում եմ՝ գլխավոր հաղթանակները դեռ առջևում են»–ակադեմիայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «Lion Heart»–ի հիմնադիր Սարգիս Կարապետյանը։

«Lion Heart» ակադեմիան հիմնադրվել է 8 տարի առաջ Մոսկվայում։ Ակումբում ուսանած Հայաստանի և արտերկրի ուժեղագույն մարզիկներն այժմ հանդես են գալիս աշխարհի խոշորագույն լիգաներում՝ UFC, ACA և այլ հեղինակավոր կազմակերպություններում՝ խառը մենամարտերի, քիքբոքսինգի, բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մենամարտերի ոլորտներում։

«Կարող եմ անվերջ թվարկել այն մարզիկներին, ովքեր հաջողությունների են հասել մեր ակադեմիայում մարզվելիս, ինչը ցույց է տալիս, որ մենք գիտենք ինչպես ճիշտ աշխատել։ Եվ պատկերացրեք, որ հիմա երիտասարդները նրանց հետ մարզվելու հնարավորություն են ստանում։ Նրանք դառնալու են այն հերոսները, որոնց ձգտելու են նմանվել երիտասարդ մարզիկները»–լրագրողների հետ զրույցում ասաց ակադեմիայի նախագահ Արմեն Ղուլյանը։

«Lion Heart» ակադեմիան տրամադրում է անվճար ուսուցում բոլոր մարզիկների համար, ովքեր անցնում են ընդունելության ընտրության փուլը։ Ընտրությունը կատարվում է մարզչական խորհրդի կողմից՝ գնահատելով ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական կայունությունը և մարզումային ռեժիմի պահպանումը։

 

Բացի այդ, ակադեմիայի ամենատաղանդավոր և կարգապահ մարզիկների համար սահմանվել է Գերասիմ Մանուկյանի անվանական կրթաթոշակ։ Գերիասիմը ակադեմիայի սան էր. նա զոհվել է 44-օրյա պատերազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։