Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 23–ի նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը միացրեց 2024–ի ապրիլին արված մի ձայնագրություն, որտեղ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նշում է, որ Էրեբունի վարչական շրջանում նոր մարզադպրոց է կառուցվելու 2025–ին, նաև ընթացքի մեջ է Աջափնյակի և Նոր-Նորք վարչական շրջաններում նույնպիսի տիպային մարզադպրոցների կառուցումները։
«Բացի այդ, Քանաքեռ–Զեյթունում հող եք խոստացել բասկետբոլի ֆեդերացիային, որոնք ներդրող են գտել արտասահմանից, բարեգործներ, որ բասկետբոլի ժամանակակից մարզասրահներ պիտի կառուցեն և ոչ մի տեղ ոչ մի քար չի շարժվել, ոչ մի սպորտդպրոց չկա, ոչ Էրեբունիում, աչ Աջափնյակում, ոչ Նոր Նորքում, ոչ Քանաքեռ– Զեյթունում։
Մենք հասկանում ենք, ասենք կարո՞ղ է խմած եք եղել այն ժամանակ, որ խոստումը տվել եք, թե՞ սովորույթ է դարձել ժողովրդին գցելը։ Հիմա ի՞նչ է կատարվում, ո՞րն է պատճառը, որ չեք կարողանում կառուցել այս մարզադպրոցները»,–ասաց Զարոկյանը։
Ի պատասխան քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն ասաց. «Նոր Նորքի և Աջափնյակի մարզադպրոցները լ գտնվում են համալիր փորձաքննության փուլում, այնուհետև կդրվեն մրցույթի»։
Զարոկյանն էլ նկատեց, որ ամեն անգամ մի թաղապետ, կամ մեկ այլ պաշտոնյա իրեն սպորտդպրոցի դիզայն է ցույց տվել ու ասել, որ փորձաքննության մեջ է. «Ամեն առավոտ նույն բանն եք ասում։ Բյուջեն ձեզ մոտ է, պարոն Ավինյան, որը դուք մսխում եք այդ գումարները։ Խոսք եք տվել ժողովրդին, երեխաներին, որ սպորտդպրոց կառուցեք, բարձրարակ շենքեր են կառուցվում սաղ քաղաքում, վերջին հինգ-վեց տարվա մեջ 20 հազար շինթույլտվություն եք տվել, երեխաները մնում են բնակարաններում, տեղ չունեն խաղալու։ Ի՞նչ եք անում դուք այստեղ, ես չեմ հասկանում, չեք կարող աշխատեք, հրաժարական տվեք, գնացեք։ Զոռով պետք չի քաղաքապետ մնաք»։











