Եթե ​​2013 թվականին մենք լուծում գտնեինք ազգային համաձայնության և համերաշխության շրջանակներում, գուցե այսօրվա իրադարձությունները տեղի չունենային։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մեկնաբանելով 2013 թվականի հետընտրական իրադարձությունները՝ նա ափսոսանք է հայտնել, որ հնարավոր չեղավ լուծում գտնել ազգային կոնսենսուսի շրջանակներում, որպեսզի հասարակությունը հասկանա, որ ժողովրդին պատկանող իշխանությունը ձևավորվել է ինստիտուցիոնալ մակարդակով։

Նրա խոսքով՝ նախկին բոլոր իշխանությունների թերություններով հանդերձ, պետության «կարմիր գծերը» պահպանվում են, մինչդեռ այսօրվա իշխանությունները հանձնում են հայ ժողովրդի իրավունքները և այդ իրավունքներն իրացնում են Հայաստանի հակառակորդները։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանն ափսոսանք է հայտնել, որ նախկին բոլոր իշխանությունների օրոք ինքնորոշման իրավունքի պաշտպանության գիծը հայկական կողմը մինչև վերջ չի պահել և դա թույլ է տալիս երկրի ներկայիս ղեկավարին անցյալի մանր սխալներ փնտրել։

Քաղաքական գործիչը նշել է, որ անցյալում բանակցվող ցանկացած լուծում հիասքանչ կլիներ ներկայիս իրականության համեմատ, նույնիսկ եթե ինքը քննադատել է դրանք։ «Ընդ որում, ես՝ որպես արտգործնախարար, կողմնակից էի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը թե՛ միջազգային հանրության, թե՛ Հայաստանի կողմից։ Սակայն հիմքում դրվել է այն քաղաքական գիծը, որի հիմնավորումն այն էր, թե անկախության ճանաչումը կարող է խանգարել բանակցային գործընթացին։ Եթե մենք համառորեն պահեինք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գիծը, ապա կհասնեինք դրան 1994 թվականին, երբ երեք կողմերի միջև ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը։ Սակայն այն ժամանակ ընդունվեց քաղաքական որոշում, որ ճանաչումը կհանգեցնի պատերազմի, բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմն ամեն դեպքում եկավ», - ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ լուրջ տարաձայնություններ է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի օրոք պաշտոնավարել է և հրաժարական տվել։

Հիշեցնենք, որ 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանն ընտրվե; է պետության ղեկավար երկրորդ անգամ, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես նախագահի թեկնածու, հավաքել է ձայների ավելի քան 36%-ը, ինչը սրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հանգեցրել բողոքի ցույցերի: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրել է իշխանություններին նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: