Ես իմ քաղաքական չեզոքությունը 2022 թվականի հոկտեմբերի 7–ից չեմ խախտել և չեմ խախտելու, և ես հիմա քաղաքական երևույթների վերաբերյալ գնահատական չեմ տալու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ 2026–ի ընտրություններում ԿԸՀ–ն քաղաքական կամ այլ պատճառով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր չգրանցի, կամ արդյոք հնարավոր է, որ ինչ–որ դեպքերում ԿԸՀ–ն ,թվեր նկարի»։
«Իմ լրագրողական կյանքը և մնացածը հրապարակային կա, չկա իմ կողմից որևէ խոսք, որը կարող է գնահատել, որ որևէ քաղաքական ուժի նկատմամբ ես կարող եմ սուբյեկտիվ լինել։ Ես ինքս հարգում եմ իմ անցած ուղին, և երբ առաջադրվել եմ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, ես նաև Ազգային ժողովի ամբիոնից եմ ասել, որ ես միշտ, երբ դեռ լրագրող էի, քննադատել եմ այն պաշտոնյաներին, ովքեր իրենց պարտականությունը, իրենց լիազորությունները պատշաճ չէին կատարում։ Այն, ինչ որ ես անընդունելի եմ ժամանակին համարել, ես երբեք այդպիսին չեմ լինի։
Ես Հայաստանի ԿԸՀ նախագահ եմ ընտրվել, և այն, ինչը իմ պարտականությունն է, ես օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահ եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային։
Արդեն երեք տարի ես ԿԸՀ նախագահ եմ, տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրություններ, բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, որոնք քաղաքական լուրջ մրցակցային են եղել։ Բերեք մեկ օրինակ, որտեղ ոչ միայն ես, այլ ԿԸՀ-ն սուբյեկտիվ ինչ-որ մոտեցում է դրսևորել և այդպես չէր լինի, եթե օրինակ Վահագն Հովակիմյանը չլիներ ԿԸՀ նախագահ։ Չեք կարող նման որևէ դեպք մատնանշել։ Ավելին, ապագայում էլ չի լինելու նման դեպք»,–ասաց նա։
Հովակիմյանը նկատեց, որ ներկայիս ընտրական համակարգը ընտրական վարչարարություն իրականացնող մարդկան, մարմիններին հնարավորություն չի տալիս, որ որևէ մեկին նման բան անելու։ «Այսօրվա մեր համակարգը շատ լավն է»,–ասց նա։
Ինչ վերաբերում է կուսակցություններ գրանցել–չգրանցելուն, ԿԸՀ նախագահը նկատեց. «Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որը կուսակցությունները պարտավոր են ներկայացնել, և եթե կուսակցությունը այդ փաստաթղթերը ներկայացնում է, ԿԸՀ-ն չի կարող չգրանցել։ Մեր օրենսդրությունը նման սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն չի տալիս։ Եթե օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացված են, ու ԿԸՀ–ն ասի՝ չեմ գրանցում, պիտի միանգամից ասի նաև, որ ես անցագործ եմ։ Մեր անմեղությունը անընդհատ կասկածի տակ մի դրեք։ Մի անուղղակի ձևով մեզ ասեք՝ կարո՞ղ է դուք հանցագործ եք։ Չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Թող քաղաքական ուժերը մրցեն։ Մեր խնդիրն է, որպեսի ԿԸՀ–ն մեր ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրի։ Վերջ, ու ընտրական պրոցեսը տեղի ունենա ազատ և գաղտնի»։











