Ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար»,- ասել է նա։
Թաթոյանի խոսքով՝ այս իշխանությունը եթե անգամ ինչ–որ լավ բան է անում, ապա, միևնույն է, ձախողում է. «Այդ սիրիացի վարձկան ահաբեկիչները, որոնցով իրականացվեց փոխանակումը, պետք է օգտագործվեին շատ ավելի մեծ արդյունքի հասնելու համար։ Նրանք ընդամենը մի քանի տարի առաջ գումարի դիմաց կտրում էին մեր գլուխներն ու կատարում ամենադաժան հանցագործությունները»։











