Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանն իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Դեսպանն իր խոսքում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս 47 տարիների ընթացքում, չնայած որոշ թշնամական արարքներին և խոչընդոտներին, մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական, ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակութային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում, ինչը երկիրը որոշ բնագավառներում դասել է աշխարհի առաջատարների շարքերում.

Image - 2026-02-11T205538.937.jpg (4.83 MB)

«Ոչինչ, այդ թվում՝ թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը, չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին:

Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոքի ցույցերն ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար: Սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր ու պատմություն կերտող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ ուրիշները վտանգեն նրա անվտանգությունն ու ինքնությունը»։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ ունեցած կապին. «Այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը: Իրանի Իսլամական Հանրապետությունը այն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է: Իրանի 150,000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այս անքակտելի կապի մասին: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների պատմության մեջ արդյունավետ ու ձեռքբերումներով լի տարի ենք արձանագրել:

2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025թ. օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան: Բացի այդ, մեծ թվով փոխադարձ բարձրաստիճան այցեր են կատարվել տնտեսական, քաղաքական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում»։

Դեսպանն առանձնացրել է հայ-իրանական հարաբերություններում հատկապես վերջին տարիների ձեռքբերումները․

«Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Երևան կատարած այցի ընթացքում, հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում և հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հյուպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ թունելի նախագծի մրցույթում հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը «Իրան Էքսպո 2025» ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը, հուսով ենք, կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի 2026թ. Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

2025թ. առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել է 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված՝ 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է»։

Խալիլ Շիրղոլամիի խոսքով՝ այսօր Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թեւակոխել, և երկու երկրների ղեկավարների միջև փոխադարձ վստահությունն այդ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հիմնական կապիտալն է.

«Մենք պլանավորում ենք հարաբերությունները ինստիտուցիոնալացնել համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում, որպեսզի գործառնական ճանապարհային քարտեզի շրջանակում համագործակցության թե՛ մասշտաբը, թե՛ խորությունը լրջորեն ընդլայնվեն:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է»։

Image - 2026-02-11T205549.536.jpg (4.46 MB)

Նա ասել է, որ Իրանը կարևորում է հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը՝ տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային և տարանցիկ հնարավորություններից օգտվելու շրջանակներում. «Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունն ու սիներգիան կարող է ծառայեցնել տարածաշրջանի ժողովուրդների զարգացմանն ու բարեկեցությանը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած և հարուստ Հայաստան: Երկարատև ավանդույթի, պատմական, քաղաքակրթական և մշակութային կապերի վրա հիմնված՝ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի աճի, զարգացման, առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության և գործընկերության հստակ ուղի: Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը կձգտի իր դերն ունենալ այս հուսադրող տեսլականի իրականացման ուղղությամբ պետական պաշտոնյաների հետ սերտ կապերի և համագործակցության գործում»։