Ապրիլի 2-ից հայաստանյան էկրաններին է «Առաջին քրիստոնյա պետությունը» ֆիլմը, որը պատմում է հայոց պատմության բեկումնային փուլի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին։ Նախագիծը ֆինանսավորել է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Արթուր Սողոմոնյանը։ «NEWS.am»-ին տված հարցազրույցում նա ներկայացրել է ֆիլմի նպատակները, առաջիկա ծրագրերն ու այն մշակութային-պատմական համատեքստը, որի շրջանակում ստեղծվել է այս աշխատանքը։
Դեպի ակունքներ. ինչու է քրիստոնեության ընդունումը մնում կարևոր թեմա
Սողոմոնյանի խոսքով՝ քրիստոնեության ընդունման թեմային անդրադառնալը սեփական մշակութային հիմքերը վերաիմաստավորելու փորձ է. «Մենք՝ հայերս, հաճախ չենք խորհում մեր արմատների մասին, մինչդեռ մշակույթն ամենակարևորն է մեր կյանքում։ Առանց դրա մենք թերևս չլինեինք այնտեղ, որտեղ այսօր ենք, և միգուցե չլինեինք հայ»։
«Հայերը ոչ միայն առաջինն են քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, այլև հսկայական ավանդ են ներդրել համաշխարհային քրիստոնեության մեջ»,- նշում է Սողոմոնյանը։ Հենց այս գաղափարն էլ դարձել է նախագծի հիմքը. «Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ ազդեցություն են ունեցել հայերը համաշխարհային քրիստոնեության վրա»։
Մեկ ֆիլմից մինչև ֆիլմաշար. նախագծի ընդլայնման մասին
Ի սկզբանե թիմը նախատեսում էր ավելի սեղմ ձևաչափ, սակայն թեմայի ընդգրկուն լինելը արագորեն փոխել է ծրագրերը։ «Երբ սկսում էինք նախագիծը, չէինք սպասում, որ թեման այսքան խորն ու հարուստ կլինի»,- խոստովանում է նա։ Արդյունքում՝ մի քանի ֆիլմի փոխարեն ստեղծվում է ամբողջական շարք։
Աշխատանքները շարունակվում են, և արդեն մոտ ժամանակներս սպասվում է երկրորդ ֆիլմի պրեմիերան։
«Շուտով լույս կտեսնի երկրորդ ֆիլմը, որը հուսով ենք ցուցադրել հենց այս տարի։ Այն նվիրված է լինելու Վարդան Մամիկոնյանին»,- նշում է Սողոմոնյանը։
«Մենք այս նախագիծը սկսել ենք 2-3 տարի առաջ և չէինք պատկերացնում, թե այն որքան կարևոր կլինի։ Սակայն այսօր, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ակնհայտ է դառնում, որ այս թեմաների մասին խոսելը ծայրահեղ անհրաժեշտություն է»։
Պատմական կինոն մանրամասն
Ֆիլմերը ստեղծվում են Տիգրան Մանասյանի գլխավորած պրոդյուսերական ընկերության հետ համատեղ, իսկ ռեժիսորը Հովհաննես Հակոբյանն է։ Սողոմոնյանը կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը՝ մատնանշելով արդեն իսկ թողարկված ֆիլմի հաջողությունը։
«Առաջին ֆիլմն արդեն կինոթատրոններում է և գրանցում է լավ ցուցանիշներ»,- նշում է նա։
Պատմական ֆիլմերի նկարահանումները լուրջ նախապատրաստություն և մանրակրկիտ աշխատանք են պահանջում։ «Պատմական տեսարանները վերականգնում ենք դերասանների օգնությամբ՝ գեղարվեստական վերակազմության միջոցով։ Հետաքրքիր ձևաչափ է ստացվել, և դատելով հանդիսատեսի արձագանքներից՝ այն արդարացված է»։
Սողոմոնյանի խոսքով՝ այս մոտեցումը թույլ է տալիս պատմությունը ներկայացնել հասկանալի լեզվով՝ չաղավաղելով փաստերը։ Դա հնարավորություն է տալիս պահպանել բովանդակային խորությունն ու այն հասանելի դարձնել լայն լսարանի համար։ Նա հավելում է, որ հանդիսատեսի արձագանքը թեմայի պահանջվածության լավագույն ցուցիչն է, քանի որ «մարդիկ գալիս են ընտանիքներով, դիտում են մեծ հետաքրքրությամբ»։ «Չափազանց կարևոր է, որ երեխաները ճանաչեն մեր պատմությունն ու ժառանգությունը. դա մեր հարստությունն է»,- ընդգծում է գործարարը։
Հայաստանի սահմաններից դուրս. ինչպես է նախագիծն աշխատում միջազգային լսարանի հետ
Նախագիծն ի սկզբանե կողմնորոշված չէ միայն տեղական լսարանի համար. «Մենք կողմնորոշվում ենք նաև Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի հանդիսատեսի վրա՝ ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների... Արդեն կան պայմանագրեր Իտալիայի, Գերմանիայի հետ, շուտով մեկնում ենք Ֆրանսիա»։
Նա ընդգծում է, որ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ. «Այսօր շատերն են մտորում իրենց արմատների, մշակույթի մասին... Մենք փորձում ենք ներգրավել ոչ միայն հայերի, այլև տեղացի մասնագետների, որպեսզի խուսափենք միակողմանիությունից»։
Սողոմոնյանի խոսքով՝ նման մոտեցումը թույլ է տալիս նախագծի մասին խոսել ոչ միայն որպես մշակութային, այլև որպես միջազգային ձեռնարկի, և դա, ըստ բարերարի, «կարելի է համարել մեր «փափուկ ուժը»»։
Կինոյից սահմաններից դուրս. Գրքեր, հետազոտություններ և արխիվային աշխատանքներ
Կինոն միայն մի մասն է այն ծավալուն գործունեության, որն իրականացնում է Սողոմոնյանն իր թիմի հետ. «Ես մենակ չեմ աշխատում, մենք մեծ թիմ ունենք։ Ստեղծել ենք Գրիգոր Նարեկացու անվան հայագիտության ինստիտուտը, որտեղ տասից ավելի մասնագետներ են ներգրավված։ Նրանցից շատերը հայ չեն, բայց խորությամբ տիրապետում են թեմային»։
Ֆիլմերից բացի, թիմն ակտիվորեն զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ։ «Գրքեր ենք հրատարակում. արդեն իսկ իրականացրել ենք ավելի քան 50 նախագիծ։ Յուրաքանչյուր գրքում հարյուրավոր աղբյուրներ են օգտագործված, ինչը սկզբունքային նշանակություն ունի... Այսօր փորձում են աղավաղել մեր պատմությունը, և ես իմ խնդիրն եմ համարում հակազդել դրան»,- ասում է Սողոմոնյանը։
Հիշողություն անձնական պատմությունների միջոցով. ինչու է կարևոր խոսել մարդկանց ճակատագրերի մասին
Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվում ոչ միայն խոշոր պատմական իրադարձություններին, այլև անհատական պատմություններին, որոնք թույլ են տալիս տեսնել այդ իրադարձությունների ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա: Սողոմոնյանն ընդգծում է, որ հենց նման օրինակներն են պատմությունը դարձնում հասկանալի ու շոշափելի, հատկապես երիտասարդ սերնդի համար:
«Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից հետո ստեղծվում էին որբանոցներ, որտեղ փորձում էին դավանափոխ անել հայ երեխաներին։ Այդպիսի մի որբանոց կար Այնթուրայում՝ ներկայիս Լիբանանի տարածքում։ Այնտեղ հարյուրավոր երեխաներ կային, և մի քանի տարվա ընթացքում նրանցից միայն մեկն է իսլամ ընդունել։ Մյուսները դիմադրել են՝ չնայած սովին, ճնշումներին ու վախին։ Կա մի տղայի պատմություն, որն այնտեղ է հայտնվել հինգ տարեկանում և դուրս եկել ինը տարեկան հասակում. հետագայում նա հայտնի մարդ է դարձել։ Սա ոգու ուժի դրսևորում է. նույնիսկ ողբերգություն ապրած երեխան ի վիճակի է պայքարել»։
Պատմությունը որպես գոյատևման գործիք
Եզրափակելով՝ Սողոմոնյանը խոսում է պատմության նշանակության և այն հետևությունների մասին, որոնք պետք է անի հանդիսատեսը. «Մի արտահայտություն կա. ավանդույթը ոչ թե մոխրին երկրպագելն է, այլ կրակը փոխանցելը: Մենք հենց դա էլ անում ենք: Կարևոր է խոսել ոչ միայն ողբերգությունների, այլև հերոսությունների մասին՝ Վանի ինքնապաշտպանության, Մուսա լեռան սխրանքի և այլն: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե ուզում ենք գոյատևել, պետք է պայքարենք: Գլխավորը չմոռանալն է, ուսումնասիրելն ու պահպանելը. սա՛ է մեր հարստությունը և մեր պատմությունը»:











