Լոռիի մարզի Դարպաս համայնքը վեր է ածվել քաղաքային աղբավայրի: Ինչպես նշում են գյուղի բնակիչները, աղբը գյուղի նշված հատվածում սկսել են նման քանակով թափել դեռեւս 7 ամիս առաջ, թեեւ մինչ այդ էլ շինարարական ու կենցաղային աղբով բեռնված մեքենաները որպես աղբ թափելու վայր օգտագործել են գյուղ մտնող ճանապարհն ու Փամբակ գետը:
Լոռիի մարզի Դարպաս համայնքի տարբեր հատվածներում տեսանելի են աղբի մեծ «սարեր», որոնք անկասկած չէին կարող բերված լինել բնակիչների, կամ էլ մեկ կամ երկու մեքենայի կողմից: «Դա քաղաքի աղբը հավաքող ձեռնարկություններն են բերում: Դա մեկ կամ 10 ավտո չի, դա շատ շատ է, ու գնալով ավելի է շատանում, սրա դեմը առնել է պետք»,- NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց աղբանոցում վառելիք փնտրողներից մեկը, շարունակելով, որ եթե այսպես շարունակի, ապա գյուղը կլցվի գարշահոտությամբ, իսկ առնետներն ու տարբեր տեսակի հիվանդությունները համաճարակի առիթ կդառնան: Ու իսկապես, տարածքում եթե նման ցուրտ եղանակին արդեն մի քանի տասնյակ հեռավորության վրա զգացվում է գարշահոտությունը, ապա ամռան ամիսներին վիճակը շատ ավելի անտանելի կլինի:
Հարկ է նշել, որ տարածքում կա աղբի վերամշակման գործարան եւ գյուղացիների մի մասը ստեղծված իրավիճակում մեղադրում է նաեւ նրանց, սակայն այդ մեղադրանքներն այնքան էլ տեղին չեն, քանի որ գործարանին կից թափված աղբը մշակված չէ: Նշենք նաեւ, որ Վանաձոր համայնքն ունի հատկացված աղբավայր Արջուտ գյուղում, որը Դարպաս համայնքից գտնվում է մոտ 5 կմ հեռավորության վրա, ու բնակիչների կարծիքով վարորդները վառելիք խնայելու համար եւս կարող են աղբը պարզապես թափել որտեղ պատահի:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը բացառեց, որ աղբը նշված վայրում թափել են Վանաձորում աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունները, նշելով, որ իրենց մեքենաները նշված տարածք մտել են աղբի վերամշակման գործարանի պատվերով: «Մեզ զանգել են, մեր մեքենաները տարել են գործարան: Բացառվում է, որ նրանք ուղղակի ճանապարհին լցնեն աղբը, հատկապես, որ ինչքան ժամանակ է գործարանը աղբ չի ընդունում»,-ասաց նա:
NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ բնակիչները հակառակն են պնդում, Մելիքյանը նկատեց. «Բա եթե այդքան բանը կարողանում են ասել, ինչո՞ւ մի անգամ մի ավտոմեքենայի համարանիշ չեն վերցնում կամ զանգում մեզ»:
Ի դեպ, Դարպաս համայնքում թափված աղբի հարցը այսօր քննարկվել է նաեւ քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը հանձնարարել է հետեւել եւ պարզել, թե որտեղից եւ ում կողմից է տեղափոխվում աղբը Դարպաս համայնք:
NEWS.am-ը հետամուտ է լինելու ստեղծված իրավիճակը վերացմանը, քանի որ այստեղ իրենց մեղավորության բաժինն ունեն քաղաքապետարանի եւ մարզպետարանի որոշ պաշտոնյաներ:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











