Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացիներ Վահան Գրիգորյանի եւ Գեւորգ Մկրտչյանի կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակից Վիրաբ Առաքելյանին կաշառք տալու, վերջինիս կողմից կաշառք ստանալու եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին` ժամը 15:45-ի սահմաններում, քաղաքացի Վահան Գրիգորյանը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, որը նկատել են ՃՈ տեսուչները եւ կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Վահան Գրիգորյանը տեղում պայմանավորվածություն է ձեռք բերել այդ պահին ծառայություն իրականացնող ՃՈ երկու տեսուչներից մեկի` Վիրաբ Առաքելյանի հետ եւ նրան անձամբ տվել է կաշառք: Դրանից հետո Վիրաբ Առաքելյանը իր ապօրինի անգործության համար կաշառք ստանալով` առանց սահմանված կարգով խախտումն արձանագրելու վերջինիս թույլատրել է տրանսպորտային միջոցով շարունակել հետագա երթեւեկությունը:

Այնուհետեւ, Վիրաբ Առաքելյանը, ստացած կաշառքը վերադարձնելու նպատակով կրկին կանգնեցրել է Վահան Գրիգորյանի ավտոմեքենան: Վերջինս հայտնել է, որ նրա կաշառք ստանալու փաստը տեսանկարահանել են եւ այն չհրապարակելու սպառնալիքով ՃՈ տեսուչներից պահանջել 500.000 ՀՀ դրամ:

2014թ. հունվարի 28-ին Վահան Գրիգորյանը եւ Գեւորգ Մկրտչյանն իրենց պահանջած գումարը ոստիկանության աշխատակիցներից ստանալու պահին Էջմիածին քաղաքում բռնվել են ոստիկանության օպերատիվ խմբի կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

Վահան Գրիգորյանին եւ Գեւորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ՃՈ աշխատակից Վիրաբ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք տալու եւ շորթում կատարելու մեջ մեղադրվող Վահան Գրիգորյանի եւ Գեւորգ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: