News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ցմահ դատապարտված ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու խայտառակ գործարքով Ադրբեջանը  հերթական անգամ ապացուցեց, որ իր արտաքին քաղաքական օրակարգում մարդու իրավունքը ոչինչ է: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեժաժողովի աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա գործընկեր Պիետրո Մարսենարոյի զեկույցը համարել է այս նստաշրջանի ամենակարեւոր զեկույցը։ «Իրապես, այսօր ԵԽ անդամ որոշ երկրների արտաքին քաղաքական օրակարգերը հեռու են ժողովրդավար լինելուց։ Ես միանշանակ համաձայն եմ զեկուցողի այն դիտարկման հետ, որ երբ երկրների արտաքին քաղաքական օրակարգերը հետեւողականորեն արհամարհում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության  հիմնահարցերը, դա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել։ Եւ իհարկե, դժվար է չհամաձայնել զեկուցողի հետ, որ շատ դեպքերում տնտեսական շահերը  գերակա են դառնում մարդու իրավունքներից եւ ժողովրդավարության հիմնարար արժեքներից»,- ասաց նա։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ  գործընկերոջ զեկույցը կարծես  ուղղակի հաստատումը լինի այն գործարքի, որը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին՝ ԵԽ անդամ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ, երբ ինչ-ինչ շահերի դիմաց, որը անգամ չեն էլ թաքցնում հունգար տարբեր պաշտոնյաներ, Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ցմահ դատապարտված ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ «Այս խայտառակ գործարքով Ադրբեջանը  հերթական անգամ ապացուցեց, որ իր արտաքին քաղաքական օրակարգում մարդու իրավունքը ոչինչ է։ Ես իհարկե հասկանում եմ, որ տոտալիտար Ադրբեջանի կողքին Հունգարիայի անունը հնչեցնելը երեւի թե տեղին չէ, բայց երբ Հունգարիայի վարչապետը, ի պատասխան ողջ քաղաքակիրթ աշխարհի բողոքի, այդ թվում նաեւ իր երկրում, հայտարարում է, որ ինքը ամեն ինչ ճիշտ է արել եւ լավ է արել, ապա, մեծագույն հարգանք ունենալով հունգար ժողովրդի հանդեպ, ես լրջագույն վերապահում ունեմ այդ երկրի ներկայիս քաղաքական իշխանության իրական արժեհամակարգի շուրջ»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով` իրավացի է այս զեկույցի հեղինակը, երբ նշում է, որ ԵԽ անդամ պետությունները պետք է իրենց արտաքին քաղաքականությունը ձեւավորեն մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների շուրջ։ «Սակայն, եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ընդհանրապես ի՞նչ իրավունքի մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ նախագահը սուլթան է, որտեղ ազգային հերոսը մարդասպանն է եւ որտեղ անգամ օմբուդսմանն է հայտարարում, որ հային սպանողը պետք է հայրենասիրության օրինակ լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար»,- նշել է նա։ Ինչ վերաբերում է այս կարեւոր զեկույցի հեղինակի հաջորդ դիտարկմանը, թե երկրներն իրենց արտաքին քաղաքական օրակարգերը իրականացնելիս իրենց տրամարդության տակ ունեն այնպիսի կարեւոր մի գործիք, ինչպիսին միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաներն են, նա ցանկացավ հիշեցնել, որ ստրասբուրգյան կոնվենցիայի կամայական մեկնաբանությամբ էր, որ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին։

«Եւ միանշանակ համաձայն եմ մեր Վեհաժողովի նախագահ Մինյոնի այդ դիտարկման հետ, որ Եվրոպայի Խորհրդի իրավական գործիքները չպետք է անօրինականորեն կիրառվեն, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի այն դիտարկման հետ, որ միջազգային կոնվենցիաները չպետք է շահարկել քաղաքական նպատակներով։ Հարգելի գործընկերներ, մենք կանգնած ենք կարեւոր ջրբաժանի առջեւ՝ կա՛մ մենք պիտի լրջագույն պատժամիջոցներ կիրառենք այն երկրների հանդեպ, որոնք համաեվրոպական արժեքները սարքել են լաթի կտոր՝ ինչպես դա անում է Ադրբեջանը,  կամ մենք երբեք չենք ունենա այն Եվրոպան, որը ուզում ենք թողնել ապագա սերունդներին։ Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որի բարոյական կոդեքսը սկսում է թառամել: Մտածենք այդ մասին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ