News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Էյր Արցախ» ավիափոխադրողն առայժմ գրանցված չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության պետ Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով` Ստեփանակերտից թռիչքներ իրականացելու համար Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) թույլտվության կարիքը չի լինի: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով  «Ադրբեջանական ավիաուղիների» մամուլի ծառայությանը, նշել էին, որ Ադրբեջանն իբրեւ թե դիմել է ICAO, որտեղ նրան պատասխանել են, որ առանց Բաքվի թույլտվության Ստեփանակերտից չվերթներ չեն կարող լինել:

Թռիչքների համար ICAO-ի հատուկ թույլտվության կարիքը չի զգացվում, հստակեցրել է Մովսիսյանը:

«Թույլտվությունը տալիս է այն երկրների քաղավիացիան, դեպի որտեղ կատարվում է թռիչքը», – նշել է Ա. Մովսիսյանը: Ավիաընկերությունների համար պարտադիր չէ ICAO-ում հավաստագրում անցնելը:

«Երբ ընկերությունը եւ չվերթները գրանցվում են, մենք այդ մասին հայտնում ենք ICAO-ին», – հավելել է Մավսիսյանը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին հայտնել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ի պետ Դմիտրի Ադբաշյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտից Երեւան չվերթների ավիափոխադրող կդառնա «Էյր Արցախը»: Առայժմ չվերթների մեկնարկի ժամկետը եւ պարբերականությունն անորոշ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ