Մենք որեւէ խնդիր չունենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ եւ պատրաստ ենք շարունակել այդ կուսակցության հետ մեր համագործակցությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունները եւ հնչեցրած մեղադրանքները:
«Ինձ թվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո Խաչատուր Քոքոբելյանը ընդհանրապես կլռեր, որպեսզի գոնե խնայեր կամ հարվածի տակ չդներ իր կուսակից ընկերներին, որոնցից ոմանք մանրամասն տեղյակ են կամ ներկա են եղել այդ պայմանավորվածություններին: Բայց երեւի մտածելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, այդ փաստը նկատի ունենալով` փորձեց այդ սուտը որպես ճշմարտության ներկայացնել հանրությանը` ակնկալելով, որ այն այս նուրբ իրավիճակում անարձագանք կմնա: Ես անձամբ ներկա եմ եղել այդ պայմանավորվածությանը»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ նախընտրական փուլում նախանշած ծրագրերը պատրաստ են իրականացնել «Ազատ դեմոկրատների» հետ: «Եթե այս պահին կա մեկը, որը խոչընդոտում, փոշիացնում է մեր համագործակցությունը, ապա դա կարծում եմ` միայն եւ միայն Խաչատուր Քոքոբելյանն է: Այնտեղ կան հրաշալի մարդիկ, հրաշալի երիտասարդություն, որոնց հետ մենք կարող ենք շարունակել մեր համագործակցությունը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե կարելի է պնդել, որ Հայաստանում քաղաքական միությունները չեն կայանում եւ առաջին իսկ փորձությունից անջատվում են, նա նշեց, որ նման կատեգորիկ պնդում չենք կարող անել: Բայց, «Ժառանգության» պատգամավորի խոսքով, իրականությունը այն է, որ քաղաքական ուժերը մեծ կախվածություն են ունենում անհտաից տարբեր պատճառներով, օրինակ` նա կարող է ֆինանսական լծակներ ունենալ, եւ այդ պարագայում անհատի պահվածքը էականորեն փոխում է հարաբերությունների ընդհանուր մակարդակը:
Ի դեպ, դեռեւս հայտնի չէ` Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ: Ինչ վերաբերում է«Ազատ դեմոկրատներ» կուսակցության` նրան սատարելուն, ապա Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դա նրանց որոշելիք հարցն է:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ ասել, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը, եւ մանդատը վայր չի դրել: Նա «Ազատ դեմոկրատների» ղեկավարին մեղադրել է ստախոսության մեջ, դրան հետեւել է Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը:





























