Ռազմական թղթակիցների վերապատրաստման դասընթացի մասնակիցներն այցելել են Հայաստանի Զինված ուժերի 5-րդ կորպուսի զորամասերից մեկը: Դասընթացները տեղի են ունենում ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի եւ «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ: Դասընթացների հիմնական մասնակիցները հիմնականում ապագա ռազմական թղթակիցներ են:

Զորամաս այցելությունն սկսվեց պոլիգոնից: Այստեղ դասընթացների մասնակիցները, որոնք շարքում աղջիկները մեծամասնություն են կազմում, հնարավորություն ստացան կրակել ինքնաձիգից, ապա ցուցադրվել է, թե ինչպես են քանդում ու հավաքում ինքնաձիգը:

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են զորամասի կյանքին, խնդիրներին ու հաջողություններին:

ՊՆ նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների անցկացումը չափազանց կարեւոր է: Նրա խոսքով, եթե մենք կարողանանք հասնել նրան, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կյանքում թեկուզ մի քանի անգամ ձեռքում զենք բռնի, կրակի, այդ դեպքում միայն կարող ենք խոսել համընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունքների մասին: