Հայաստանի նախագահի ընտրությունները կլինեն ոչ այնքան մրցակցային: Այդ մասին այսօր` հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերջինիս խոսքով, դա նախագահ Սարգսյանի մեղքը չէ: «Սերժ Սարգսյանի մեղքը չէ, որ չունի իրական  եւ ուժեղ մրցակից: Ընդդիմությունը մնում է չմիավորված, մենք տեսնում ենք անհատների մրցապայքար, ոչ թե քաղաքական կուրսերի: Սա նաեւ ցույց է տալիս քաղաքական բանավեճերի ցածր մակարդակը»,- նշել է Կիրակոսյանը:

Փորձագետի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների համար ամենալուրջ մարտահրավերը կլինի  հասարակության քիչ  մասնակցությունն ընտրություններին, ինչպես նաեւ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ: «Ընտրությունները փորձություն կլինեն, բայց նաեւ հնարավորություն Սերժ Սարգսյանի համար: Նա կարող է քաղաքական, սեփական ժառանգություն ստեղծել:  Եթե նախագահի պաշտոնավարման առաջին շրջանը նվիրված էր մարտի  մեկի հետեւանքները հաղթահարելուն, երկրորդ պաշտոնավարման ժամանակ նա հնարավորություն ունի դուրս գալու Քոչարյանի  ստվերից»,- արձանագրել է նա:

Խոսելով նախագահի թեկնածուների մասին` Ռիչարդ Կիրակոսյանը նկատել է, թե նախագահի այլ թեկնածուներին կարելի է անվանել հին դեմքերի հիասթափեցնող խումբ. «Երեք խումբ կարելի է առանձնացնել նախագահի թեկնածուների՝ Սարգսյանի, Հովհանննիսյանի եւ տարօրինակ մարդկանց խումբ»: Ի դեպ, փորձագետը կարծում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը ճիշտ քայլէր, սակայն սխալ էր, որ ՀԱԿ-ը չաջակցեց Հրանտ Բագրատյանին: