News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանկացած լուծում, որը կընդունվի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, չի կարող կենսունակ լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հայ եւ ադրբեջանցի փորձագետների «Խաղաղ գործընթացներում հասարակական մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» զեկույցի համահեղինակ Սուրեն Զոլյանը:

Նրա խոսքով՝ հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչ դասեր կարելի է քաղել Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կարգավորման գործընթացից՝ Լեռնային Ղարաբաղի համար: «Անձամբ ինձ համար ամենակարեւոր դասն այն է, որ անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ խմբերի եւ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը բանակցային գործընթացում, որովհետեւ եթե նույնիսկ ինչ-որ լուսանցքային խմբեր չեն մասնակցում գործընթացին, եւ նրանց կարծիքը հաշվի չի առնվում, ապա, ինչպես ցույց է տալիս Հյուսիսային Իռլանդիայի փորձը, ձեռք բերված համաձայնությունները կենսունակ չեն լինում»,-ընդգծել է Զոլյանը:

Մյուս դասը, ըստ նրա, այն է, որ ցանկացած լուծում, որին հանգում են քաղաքական գործիչները, պետք է ստանա հասարակության հավանությունը: «Հյուսիսային Իռլանդիայում դա արվել է հանրաքվեի միջոցով, որից հետո, թեեւ համաձայնության եկած քաղաքական գործիչները պարտվել են ընտրություններում, բայց համաձայնագիրը մնացել է, որովհետեւ հանրաքվեի ժամանակ ստացել է հասարակության հավանությունը եւ դրանով դարձել լեգիտիմ: Ուստի երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ բանաձեւ գտնվի, անհրաժեշտ է, որ լինեն նաեւ հասարակության կամարտահայտության ժողովրդավարական մեխանիզմներ»,-ամփոփել է զեկույցի համահեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ