Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քառյակը ինչու է ներկայացնում պահանջներ, որոնց մասին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախապես խոսել էր արդեն:
«Երբ որ քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, էներգետիկայի նախարարը նշեց, որ պատրաստվում են ոլորտում ծախսերի արդյունավետության հարցը քննարկել, որից հետո կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա: Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ինչու ենք մենք խոսում մեր կատարելիք քայլերի մասին, իսկ հետո մեկ ուրիշը դա ներկայացնում է իր պահանջը: Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի թանկացումը կանխել-չկանխելուն, ապա դրա համար պետք է դիմեն հանձնաժողովին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերվում է այն պահանջին, թե համակարգի ֆինանսական ճեղքվածը կառավարությունը պետք է ֆինանսական այլ ռեսուրսներով հաղթահարի, Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այդ «ռեսուրսները» պետք է հստակեցնել. «Պետք է հասկանալ, թե ինչ է կառավարության ռեսուրսը, իսկ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ հարկեր: Եթե նրանք նկատի ունեն լրացուցիչ ռեսուրսներ, օրինակ մասնավորեցում, ապա պետք է պատկերացնել, թե ինչպես կարող են օգտագործվել մասնավորեցման համար նախատեսված աղբյուրները»:
Նշենք, որ քառյակն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ նոր պահանջներ է ներկայացրել, որոնց մասնավորապես ասվում է. «1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:
2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձեւավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ:
3. Մինչեւ վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:





























