News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ նենգափոխել են հայկական կողմի հայտարարությունը: Այս պարագայում խոսքը ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի  հայտարարության մասին է, որը վերաբերում էր օրերս ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծմանը:

Մեծ ոգեշնչվածությամբ haqqin.az-ը մեջբերում է Վովա Վարդանովի  խոսքն այն մասին, որ «Ադրբեջանի ձերբակալված քաղաքացի Ղուլիեւը ոչ մի կերպ չի կարող դիվերսանտ լինել»:

Սակայն Վարդանովի խոսքի շարունակությունը խմբագրությունը ներկայացնում է աղավաղված տեսքով: «Նա Քարվաճառի տարածք մտել է պատահաբար: Նրա տարիքի մարդը (1968թ. ծնված) չի կարող լինել հետախույզ: Ես ինքս մշտապես պարապում եմ, բայց երբեք չեմ կարող գնալ հետախուզության: Տարիքս թույլ չի տա», - նման խոսքեր են վերագրում Վարդանովին:

Իրականում Վարդանովը տեսակետ էր հայտնել, որ խումբը, դատելով զենքերից, տարիքից եւ կապի միջոցների բացակայությունից, հազիվ թե դիվերսիոն-հետախուզական լիներ. «Կարծում եմ՝ ավելի շուտ դա ինչ-որ ահաբեկչական կազմակերպության պարտիզանական ջոկատ էր: Իսկ սուր զգացողությունների սիրահարների «զբոսանքը» քաղաքական ինչ-ինչ շահեր էր հետապնդում:

Վովա Վարդանովը հիշեցրել էր, որ հայկական կողմն իր ժամանակին նույնպես պարտիզանական գործողություններ էր անցկացնում Շահումյանի շրջանում: Նա նաեւ ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է զգուշանա. «Եթե հարկ լինի, կհասնենք Բաքու եւ Կասպից ծով»:

Ավելի վաղ հաղորդվել էր  Քարվաճառում հատուկ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման մասին:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ անհերքելի ապացույցներ կան, որ գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից վարձված հանցախմբի հետ. «Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»,-ասված էր հաղորդագրությունում:

Նաեւ ընդգծվում է, որ վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն եւ սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր եւ այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ