Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին մեղադրական վճիռ է կայացրել: Ամբաստանյալ Արտաշես Խաչատրյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով, իսկ Արթուր Միսակյանն էլ՝ 4 տարի 6 ամիս ժամկետով:
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին հրապարակեց դատավճիռը, որը զինծառայողների հարազատները ընդունեցին շատ հանգիստ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի բակում ծնողներն ասում էին, որ «թող 10 տարի էլ տային, մենակ թե արդար դատեին եւ իսկապես մեր երեխեքը մեղավոր լինեին»:
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատախազը պահանջել էր Արտաշես Խաչատրյանին ազատազրկել 7 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արթուր Միսակյանին՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: Ավելի ուշ, երբ կալանավորներին տեղափոխում էին դատարանից, ծնողները կանգնեցին մեքենայի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել իրենց որդուն։ Արթուրի հայրն էլ պառկեց մեքենայի առջեւ, սակայն ոստիկաններն ուժով հեռացրին նրան ճանապարհից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012-ի նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել էր 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի դին՝ բերանի շրջանում մահացու վնասվածքով: Ըստ վկաների՝ Սարգիսը «Սնիկերսը» մենակ է կերել, ինչից հետո ծառայակիցները շարունակաբար ծաղրել են նրան՝ հասցնելով ինքնասպանության:
































