Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդուն՝ Արմեն Արամայիսի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնի դարձավ Գորիսի ոստիկանական աղբյուրներից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Արմեն Ալսանյանը առողջական վիճակից գանգատներ ունի, բայց ընդհանուր առմամբ, վիճակը նորմալ է, եթե սրանա, կտեղափոխեն հիվանդանոց: Առաջիկա օրերին դիմելու են դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Արամայիսի Ասլանյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Իսկ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Փորձաքննությունները հաստատել են նրա մոտ թմրանյութի առկայությունը: