Լոռու մարզի միջպետական ճանապարհները բաց են եւ երթեւեկելի: Այս մասին NEWS.am-ին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ հերքելով տեղեկությունները, թե նոյեմբերի 27-ի երեկոյան ձյան առատ տեղումների հետեւանքով փակվել են Սպիտակի ոլորանները եւ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը:
Մարզպետի խոսքով՝ ոչ թե ճանապարհներն են փակ եղել, այլ բեռնատարները խցանում են առաջացրել:
«Ձմեռային անվադողեր ունեցող մեքենաների համար ճանապարհը միշտ երթեւեկելի է, իսկ երեկ էլ բեռնատարներն էին խցանում առաջացրել»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի երեկոյան խցանումը բացելու աշխատանքներ կատարելիս՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցի ոտքը կոտրվել է: Նա տեղափոխվել է հիվանդանոց: