Եղվարդի խճուղիում գտնվող «Դուբայ» մոթելի դիմաց երկու անձանց միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ի կեսգիշերին: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մոթելի հաճախորդներից մեկը վիճաբանության է բռնվել մատուցողուհու հետ, ինչը վերածվել է քաշքշոցի եւ փոխադարձ հայհոյանքների:

Բանը հասել է նրան, որ մատուցողուհին իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է տղամարդուն` կրծքավանդակի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս 25 տարեկան է:

Նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի փաստը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից` նշելով, որ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը երեկոյան մատուցողուհին կամավոր ներկայացել է Նաիրիի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ներկայացրել դանակը: Կատարվում է քննություն: