Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է ուժ չկիրառել Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին բարձրախոսով հայտնել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, որը քիչ առաջ հանդիպել է ոստիկանապետին, խոսել նրա հետ։
Ըստ Շուշանյանի, Գասպարյանը խոսք է տվել, որ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվելու։ Նաեւ ոստիկանապետը գովել է ցույցի մասնակիցներին, միաժամանակ խնդրել է ոչինչ չքաղաքականացնել։
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ անջատել էին Բաղրամյան պողոտայի լույսերը։ Ցուցարարները բջայիններով էին լուսավորել նստացույցը, բայց րոպեներ անց լուսավորությունը վերականգնվել էր։
Ավելի վաղ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե քանի ցույցը խաղաղ է, ուժ չի կիրառվելու։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: