Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ցույցեր են անցկացվում՝ սատարելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող երեւանյան ցուցարարներին: Այս մասին հայտարարեց «Ո՛չ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ ակցիաներ են անցկացվում նաեւ Վաշինգտոնում, Գլենդելում, Գերմանիայի եւ այլ երկրների քաղաքներում:
Շուշանյանի խոսքով, «Հայաստանի էլցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու մասին որոշումն ուշացած է, սակայն ցույցերը նպաստեցին այն ընդունելուն: Շուշանյանը նաեւ նշեց, որ վճռական է տրամադրված եւ պատրաստ է երկար մնալ Բաղրամյան պողոտայում. «Ես եւս երկու ամիս բողոքելու ուժ ունեմ»:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագետների կողմից «Հայաստանի էլցանցեր»-ի գործունեության անկախ աուդիտ անցկացնելու մասին: