Երեւանի Բաղրամյան պողոտայից քիչ առաջ մեկնարկել է մի խումբ երիտասարդների իրազեկման երթը: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ իրազեկման երթի մասնակիցները Սայաթ-Նովա փողոցով, «միացում» վանկարկելով, ուղղություն են վերցրել դեպի Աբովյան փողոց: Նրանք քայլում են մայթերով: Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկաններ:
Ավելի վաղ նրանք նշել էին, որ իրազեկման երթից հետո վերադառնալու են Բաղրամյան պողոտա:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: