Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած նստացույցի համակարգող անդամները կգիշերեն Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում ասաց նստացույցի համակարգող Նարեկ Այվազյանը:
«Մենք այստեղ կգիշերենք, առաջարկում եմ, որ նաև հինգշաբթի Ազատության հրապարակում հավաքվենք և խաղաղ միջոցառում անցկացնենք»,-ասաց նա:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նարեկ Այվազյանի հայտարարությունից հետո ասաց, որ հինգշաբթի թույլ չեն տա երթ անցկացնել, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են երթի անցկացման օրից 7 օր առաջ իրազեկել լիազոր մարմնին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է: