Ադրբեջանում անցած տարվա օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ, ապա այն փոխանցել ԱԱԾ-ին: Նշանակված փորձաքննություններից ստացվել է դատաբժշկականի եզրակացությունը, որը սակայն չի հրապարակվում:
Ի դեպ, փաստաբանների խումբը սպասում է նախաքննության ավարտին, որպեսզի դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին: