News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու եւ նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող եւ ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%: Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին: Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց եւ այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն եւ այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ: Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլեւ՝ ողջ աշխարհը, որովհետեւ հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի եւ կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, եւ մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգեւը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

Հարգելի՛ պարոն Կասպերսկի,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:

Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի` պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մրցանակը:

Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» եւ «Կասպերսկու լաբորատորիա» անունները հատուկ ներկայացնելու կարիք չկա: Այս անունները մարդկանց առօրյայի մաս են դարձել՝ օգնելով բոլորին պաշտպանել սեփական տեղեկատվությունը:

Յուրաքանչյուր համակարգ կարող է լինել թերի ու խոցելի: Համակարգերի թերությունները պետք է ուղղվեն, իսկ խոցելի հատվածները ճիշտ ժամանակին հայտնաբերվեն ու պաշտպանվեն ներքին ձախողումներից եւ առավել եւս` անհարկի միջամտություններից: Հենց այստեղ է, որ արդեն ավելի քան քառորդ դար իր բեղմնավոր գործունեությունն է ծավալել պարոն Եվգենի Կասպերսկին՝ օգնության հասնելով միլիոնավոր օգտատերերի:

Վերջին տարիներին Հայաստանում թերեւս ամենակարեւոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Համադրելով պետական եւ մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում:

Այնուամենայնիվ, կարեւոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն: Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարեւոր միջոցներից մեկը:

Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ: Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների եւ վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ: Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին եւ նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն եւ կարեւոր տեղը:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը: Չգիտեմ՝ արդյո՞ք պարոն Կասպերսկին գիտի, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար: Սակայն, վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն եւ խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաեւ այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը: Եվ դա լինելու է արդիականության եւ արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության եւ տգիտության վիրուսին:

Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Դուք եւ ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջեւ, միաժամանակ նաեւ օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները: Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են:

Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին առողջություն եւ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ հպարտանալու եւ ուրախանալու ենք Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհակալություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ