Սիրիայում Սու-24 ինքնաթիռի խոցման վայրում որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցող ռուսական Մի-8 ուղղաթիռն ահաբեկիչների կողմից ոչնչացվել է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ինքնաթիռի օդաչուներին տարհանելու գործողությանը երկու Մի-8 ուղղաթիռ է մասնակցել: Գործողության ընթացքում հրաձիգից արձակված կրակոցի արդյունքում ուղղաթիռներից մեկը վնասվել է եւ հարկադիր վայրէջք կատարել չեզոք գոտում:
ՊՆ տվյալներով, պայմանագրային զինծառայողներից մեկը զոհվել է: Որոնողա-փրկարարական խմբի եւ ուղղաթիռ անձնակազմի անդամները տարհանվել են եւ ներկայում գտնվում են «Խմեյմիմ» ավիաբազայում:
Ավելի վաղ ուղղաթիռի ճակատագրի մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չէր հաղորդվում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խնդրել էր ուղղորդվել Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկություններով: