News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ ու Դարանակ գյուղերի բոլոր դպրոցահասակ երեխաներն այսուհետեւ իրենց անձնական պլանշետներով դպրոց կգնան: 52 պլանշետները NEWS.am լրատվական գործակալությունը նրանց համար գնել է Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1–ին անցկացված ամենամյա բարեգործական ակցիայի ընթացքում հավաքված գումարով (1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար):

Օրերս գործակալության աշխատակիցները Փամբակ–Դարանակի միջնակարգ դպրոցում նվերները հանձնեցին աշակերտներին (ֆոտոռեպորտաժ): Ավանդական ակցիային մասնակցած քաղաքացիների շնորհիվ պլանշետները բաժին հասան երկու գյուղերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ դպրոցահասակ երեխաներ կան։

Դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանի խոսքով` պլանշետները օգտակար նվերներ են, որոնք կմեծացնեն սահմանամերձ գյուղերի երեխաների կրթվելու հնարավորությունները եւ կօգնեն հետ չմնալ իրենց հասակակիցներից։

«Երեխաներից շատերը տանը համակարգիչ չունեն: Պլանշետների կարիքը զգացվում էր, դրա միջոցով երեխաներն ու ծնողները կկարողանան dasaran.am կայքից օգտվել, ծնողները կտեսնեն իրենց երեխաների գնահատականները, հաճախությունները, ծնողի ու դպրոցի կապը կամրանա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը։

Բացի անձնական պլանշետներից երեխաները հնարավորություն կունենան օգտվել դպրոցական համակարգչից, սկաներից, պրինտերից եւ պատճենահանման սարքից, որոնք նույնպես ձեռք են բերվել բարեգործական ակցիայի ընթացքում հավաքված միջոցներով։

Բացի դրանից դպրոցի գրադարանին նվիրվել է մեկ տասնյակից ավելի գիտահանրամատչելի գրականություն։

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որը մշտապես մասնակցում է NEWS.am-ի կողմից կազմակերպվող ամենամյա բարեգործական ակցիային, իր հերթին դպրոցին նվիրել է նոր ցուցանակ, որը կփոխարինի արդեն մաշված տառերով հին ցուցանակին։

«Անձամբ եղել եմ գյուղում, ծանոթացել դպրոցի հնարավորություններին, ուրախ եմ, որ այդ դպրոցի երեխաները պլանշետներ ունեցան: Հուսամ՝ դրանք օգտակար կլինեն նրանց կրթության որակը բարձրացնելու գործում, իսկ դպրոցի նոր երիտասարդ տնօրենը հետեւողական կլինի, որ դպրոցի նոր տեխնիկական հնարավորությունները բարձրացնեն կրթության որակը: Տեղում իմացանք, որ վերջին տարիներին դպրոցի շրջանավարտնեից ոչ մեկը բարձրագույն ուսումնական հաստատություն չի ընդունվել: Սա փաստում է, որ ինչ–որ բան չի արվում այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Ուղերձ եմ հղում, որ տնօրենն այս հնարավորությունը լավագույնս օգտագործի երեխաների կրթության որակի բարձրացման համար»,– ասաց Անահիտ Բախշյանը:

NEWS.am–ի ներկայացուցիչ Մարիա Ասատրյանը հայտնեց, որ բարեգործական ակցիայի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։

«NEWS.am–ի արդեն ավանդույթ դարձած պաղպաղակի բարեգործական վաճառքին քաղաքացիների մասնակցությունը գնալով մեծանում է։ Այս տարի հավաքված գումարը մի քանի անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը։ Ուրախալի է այն, որ հասարակության մեջ աստիճանաբար ձեւավորվում է բարեգործություն անելու մշակույթը։ Բարեգործական վաճառքին մասնակցեցին նաեւ մարդիկ, որոնք իրենք էլ սոցիալապես ապահովված չէին, բայց իմանալով, որ գումարն ուղղվելու է սահմանամաձերձ շրջանների երեխաներին, միանգամից արձագանքում էին, թեկուզ փոքրիկ ներդրում ունենում»,– ասաց Մարիա Ասատրյանը։

Նրա խոսքով` վաճառքին մասնակցող քաղաքական, մշակութային եւ մարզական գործիչների թիվն այս տարի նույնպես ավելի մեծ է եղել։ Շատերը եւ պաղպաղակ էին վաճառում, եւ մասնակցում ակցիայի շրջանակում կազմակերպված բացօթյա համերգին։

Նշենք, որ Փամբակ եւ Դարանակ գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտներին տրամադրված օգնությունից հետո մնացած 909 հազար դրամը ակցիայի կազմակերպիչները քննարկելուց հետո որոշել են հավասարապես բաշխել երկու կարիքավոր ընտանիքների միջեւ` Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող` 13 երեխա ունեցող Մելքոնյանների ընտանիքին եւ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում բնակվող` զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի ընտանիքին։

Պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցել են Գոհար Գասպարյանը, Էրիկ Անթառանյանը, Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Ֆաինա Հարությունյանը, Vitamin-ի Վաչեն, Արմուշը, հաղորդավարներ Արտակ Հերիքյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արման Մարգարյանը, Օլիմպիական բրոզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Կարինե Աճեմյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը։ NEWS.am–ի անձնակազմի հետ միասին պաղպաղակ են վաճառել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Տեր–Մինասյանը եւ այլ հայտնի անձինք։

Ակցիային զուգահեռ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր համերգ, որին մասնակցում էին Դալիթան, Սոնա Շահգելդյանը, DJ Vakcina-ն, DJ Smoke-ը, Սիլվա Հակոբյանը եւ բազմաթիվ այլ երգիչներ ու պարային համույթներ։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

Նախորդ երկու տարիներին հավաքված գումարը հատկացվել էր Արցախի Քարվաճառի շրջանի կարիքավոր դպրոցականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ