News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Ժնեւում, Սիրիայից փախստականների խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպմանը բացումը կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է.

«Ելույթ ունենալով այս խորհրդանշական վայրում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին բարձր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ում անունը հույս եւ փրկություն էր խորհրդանշում բազմաթիվ փախստականների համար: Նանսենի հանձնառությունը եւ վճռականությունը՝ զբաղվելու փախստականների առջեւ ծառացած խնդիրներով, ոգեշնչման իրական աղբյուր է հանդիսանում այսօր, երբ աշխարհն ականատես է լինում վերջին տասնամյակների ամենասարսափելի հումանիտար ճգնաժամերից մեկին:

Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի եւ նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»:

Անդրադառնալով փախստականներ ընդունելու եւ նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Դառը հիշողություններ են արթնանում հայերի մոտ, ովքեր գաղթի ճանապարհն են բռնում այսօր՝ հարյուր տարի առաջ իրենց ապաստանած վայրերից: Նանսենը եւ բազմաթիվ այլ հումանիստներ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնեցին հաղթահարել կոտորածների եւ տեղահանության սարսափները: Այսօր Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, եւ, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության եւ պատասխանատվության բարձր զգացումով:

Մեր սեփական փորձը ցույց է տալիս, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է: Դա ճշմարիտ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիրքով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որեւէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան:

Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու եւ մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկական աջակցության եւ անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը»։

«Հավատացած ենք, որ փախստականների եւ աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առջեւ կանգնած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական առեւտրի եւ շահարկումների առարկա հանդիսանալ։

Փախստականների ճգնաժամը հասարակությունների առջեւ բազմաթիվ հարցեր է բարձրացնում` ոչ միայն երկրների անվտանգության, այլեւ փախստականների բնակեցման, զբաղվածության, կրթության եւ ինտեգրման երկարաժամկետ խնդիրների առումով: Ինչպես նշվեց այս բարձր մակարդակի հանդիպման բացմանը ցուցադրված ֆիլմում, փախստականներն առավել լավ ապագայի իրավունք ունեն։ Ֆրիտյոֆ Նանսենը համոզված էր, որ «փախստականներն, ովքեր որպես ծանր բեռ են ընկալվում, կարող են կարեւոր արժեք դառնալ»։ Նույն համոզմունքը հայտնեց գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր առավոտյան իր բացման խոսքում։ Հիրավի, մեր երկրներից շատերի պատմությունները հաստատում են այս խոսքերի իրավացիությունը», - եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց նախարար Նալբանդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ