News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 12-ին, Մոսկվայում կկայանա Շառլ Ազնավուրի`իրեն ֆրանսիացի անվանող հայ ներգաղթյալների որդու համերգը:  Համերգի մասին այսպես է գրված «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի այսօրվա համարում:

Խմբագրությունը նշում է, որ Ազնավուրի Մոսկվա կատարած վերջին այցին հաջորդած մի քանի տարիներին երգիչը բազմաթիվ գործեր է կատարել` մի քանի ալբոմների ձայնագրություն (որոնցում ներառված են Էլթոն Ջոնի, Սթինգի եւ Բրայն Ֆերիի հետ դուետները), ինչպես նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները: Այժմ նա 87 տարեկան է եւ հիանալի տեսք ունի:

Արտիստը լրագրողներին պատմել է, որ իր երգերը պատմում են սիրահարների մասին, այլ ոչ թե աշխարհում գոյություն ունեցող վերացական սիրո: «Եվ սովորաբար իմ սիրահարները դժբախտ են: Ինչպես ֆրանսիական ասացվածքն է վկայում` եթե մարդը սիրահարված է, չի կարող երջանիկ լինել»,- ասել է նա:

Հիշելով ԽՍՀՄ-ում 1963թ. կայացած իր առաջին համերգը`շանսոնիեն նշել է, որ իրեն այդ ժամանակ բեմը դուր չէր եկել: Դահլիճը փոքր է եղել, իսկ նա մտածել է, որ ավելի լայն հրապարակի է արժանի: Եվ նրա պահանջով դահլիճը փոխել են: Արտասահմանյան արտիստին հաջողվել է խուսափել նաեւ երգերի տեքստի ցենզուրայից, ինչը Խորհրդային Միությունում հեշտ բան չէր: «Ինձ, իհարկե, խնդրեցին ցույց տալ տեքստերը: Ես հրաժարվեցի, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր, թե ինչու պետք է ինչ-որ բան ցույց տամ: Առավել եւս`երգերի տեքստերը ֆրանսերեն էին, սիրո մասին, առանց որեւէ քաղաքականության»,- պատմել է նա:

Երգիչը հայտնել է, որ նոր`  «Ազնավուրն`ընդմիշտ» (Aznavour Toujors) ալբոմի երգերին զուգահեռ, հանդիսատեսի ցանկությամբ, նաեւ հին հիթեր կկատարի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք երգիչը օգնելու է իր դստերը` Կատյային, որի հետ դուետ է կատարում, մեներգչի կարիերայի հարցում, Ազնավուրը նշել է, որ աղջիկը մեներգչի ինքնուրույն կարիերա ծավալելու մտադրություն չունի: «Նրան դուր է գալիս հոր հետ մեկնելը, բայց բեմում երգել նա չի ցանկանում եւ, հիմնականում, ֆիլմերի նկարահանումների է մասնակցում», - ասել է նա:

Բացահայտելով այդ տարիքում նման եռանդունության գաղտնիքը` Շառլ Ազնավուրը նշել է, որ ամեն ինչ կյանքի որակից է կախված, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:

«Բարձր տոնուսը պահպանելու համար հարկավոր է որոշակի կանոնների հետեւել, եւ այդ ժամանակ ապրում ես լավ ու երկար: Արդյունքն էլ բարեհաջող է: Ճիշտ չէ մտածել, թե կարգուկանոնով ապրելը վատ է եւ տհաճ: Ընդհակառակը, խելամիտ կարգուկանոնը լավ արդյունքների է հանգեցնում», - նշել է 87-ամյա շանսոնիեն:

Եվ վերջում, պատասխանելով, թե ինչպես է իրեն զգում դիվանագետի դերում, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն ասել է. «Կարծում եմ, իմ կարիերան բարեհաջող է ընթանում, քանի որ Հայաստանը Շվեյցարիայի հետ պատերազմել չի պատրաստվում (ժպտալով): Իսկ եթե դիվանագիտական իրոք լուրջ խնդիրներ ծագեն, մենք պրոֆեսիոնալների կհրավիրենք: Քաղաքականությամբ, որպես այդպիսին, ես չեմ զբաղվում, դա ինձ օտար է, ես չեմ ուզում: Ես սիրում եմ արվեստի բոլոր տեսակները`կերպարվեստ, երաժշտություն, նույնիսկ`... խոհանոց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ