News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ակտիվորեն իրականացնում է Եվրասիայի քաղաքական միավորների ֆրագմենտացման, այսինքն՝ «Մեծ Մերձավոր Արեւելքի» ստեղծման ծրագիրը, եւ Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ 6 հանրապետություններով ընդգրկված է այդ ծրագրում: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, Արցախի անկախության 20-ամյակին նվիրված միջազգային գիաժողովում կարծիք հայտնեց Լեհաստանի Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին՝ ավելացնելով, որ ծրագրի իրականացման դեպքում ԱՄՆ-ն ամբողջությամբ կվերահսկի Արեւմտյան Սահարայից մինչեւ Հնդկաստան ընկած տարածաշրջանը: «Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ այժմ մրցակցություն է: Լիբիայում ռազմական գործողությունների իրականացումը դրա վառ ապացույցն էր: Ֆրանսիայի Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր հանգամանքով, որ ԱՄՆ-ն շուտով ռազմական միջամտության կդիմեր»,- ասաց լեհ փորձագետը՝ ավելացնելով, որ Եվրոպայի հզոր պետությունները, մասնավորապես Ֆրանսիան, ցանկանում են պահպանել իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում:

Ըստ Պիսկորսկիի՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը ողջ տարածաշրջանը մասնատելն է, այսինքն՝ քաոս ստեղծելը, ինչը ուղղված է առաջին հերթին Չինաստանի դեմ, սակայն, միեւնույն ժամանակ թուլացնում է նաեւ Ռուսաստանի դիրքերը:

«Ծրագիրն իրականացվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ նրա տարածաշրջանային համախոհների ուղիղ միջամտությամբ: Օրինակ՝ Սիրիայի դեպքում, այս դերը ստանձնել է Թուրքիան: Սիրիայում քաոսային իրավիճակ ստեղծելուց ու այն մասնատելուց հետո ԱՄՆ-ը կիրականացնի հակաիրանական ծրագիրը, որից հետո գործողություններ կսկսվեն Կովկասում ու միջինասիական երկրներում»,- կարծիք հայտնեց Պիսկորսկին՝ ընդգծելով, որ Միջին Ասիայում ապակայունացման նախնական փորրձարկումներ կատարվել են:

Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում Ղազախստանի Ժանաոզենում, Ղրղըզստանի Օշ քաղաքում եւ Ուզբեկստանի Անդիջանում կատարված գործողությունները ապակայունացման ծրագրի «թեստային» իրականացումն էին:

«Ցավալին այն է, որ Եվրոպայի շահերին չհամապատասխանող ԱՄՆ-ի այս ծրագրին աջակցում են Մեծ Բրիտանիան, որի հատուկ ծառայությունների որոշ մասնագետներ այժմ Թուրքիայի հարավում են, եւ օգնում են Սիրիայի դեմ աշխատանքում, ԱՄՆ-ին աջակցում է նաեւ Լեհաստանը: Իսկ ընդհանուր առմամբ, այս ծրագրի իրականացմանը նպաստող ամենամեծ պրոյեկտներից է «Արեւելյան գործընկերություն» Եվրամիության ծրագիրը, որն, ընդհանուր առմամբ, նախատեսում է մասնակից պետությունների պետական մարմինների թուլացում»,-ասաց Պիսկորսկին՝ նշելով, որ ծրագրի աշխարհաքաղաքական ուղղվածությունն ընդդեմ Ռուսաստանի է, այսինքն՝ այդ ծրագրով փորձում են Ռուսաստանից անջատել նրա վերջին ազդեցության գոտիները:

«Ինչպե՞ս պետք է Լեռնային Ղարաբաղը դիմակայի տարածշրջանային դեստաբիլիզացիային: Ըստ էության սա գլոբալ ծրագիր է, եւ դիմակայության ճանապարհ պետք է գտնի Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպան»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ