News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վերջերս Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կատարված ստուգումների վերաբերյալ:

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.

1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման եւ կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է:

2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:

3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու եւ երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ:

Նշենք, որ վերջին օրերին լուրջ սկանդալ է ծագել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջեւ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012թ-ի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով: Մասնավորապես չի կատարել լիազորված պետական մարմնի` ՀՀ-ից ս/թ.մարտի 19-ից մարտի 23-ը չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 2008 թվականի մարտի 17-ի կնքված թիվ 134 աշխատանքային 2.5 կետի ա/ եւ գ/ ենթակետերի պահանջները: Ինչպես նաեւ իր մեղքով աշխատանքային պարտավորությունները կատարվել է ոչ պատշաճ, մասնավորպես` ՀՀ-ից իր բացակայության ժամանակահատվածում ռեկտորի հրամանով, առանց լիազորված պետական մարմնի  որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարվել է այլ անձի, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

Սուրեն Զոլյանը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը անվավեր ճանաչելու նպատակով  նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, նաեւ պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ