News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի  քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ:

Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երեւան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաեւ քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների Զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երեւանում այսօր ձեւավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջեւ գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե եւ տեղում  նաեւ փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ եւ նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաեւ գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես սկիզբ,  առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին եւ ծրագրերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ