News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Զարուհի Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ հարց ուղղեց առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների պատգամավորության կին թեկնածուներին, թե ինչպես են վերաբերում թիվ 1 ընտարատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանի պահելաձեւին, երբ նա իր մրցակից  Գայանե Առուստամյանի՝ բանավիճելու առաջարկին պատասխանել էր, որ «վախենում է Գայանե Առուստամյանից, վախենում է, որ կարող է ծեծել»:

Ի պատասխան հարցի՝ ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված Մարինե Քոչարյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ չի ցանկանում կնոջ հետ բանավիճել, համենայն դեպս ինքը այդպես է հասկացել եւ չի ցանկանում մեկնաբանել:

ՀԴԿ համամասնական ցուցակում ընդգրկված Ժասմինա Ղեւոնդյանը չի լսել այդ մասին, բայց «եթե այդպես է ասվել, ապա լավ չի ասվել եւ դա խոսում է այն մասին, որ կանայք պետք է ներգրավված լինեն ԱԺ-ում, որ նման բաներ չհնչեն»:

ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Նաիրա Կարապետյանն էլ նշեց, որ չի ցանկանում տեղափոխվել այդ հարթություն: «ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը շատ ավելի վատ է  պատասխանել Սամվել Ֆարմանյանի՝ միասին Ծիծեռնակաբերդ գնալու առաջարկին»,- նշեց նա:

«Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Իզաբելլա Աբգարյանն էլ նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրել այդ արարքի համար, եւ այստեղ կին, տղամարդ սեռային տարբերության խնդիրը չէ: «Տղամարդիկ, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանը, պետք է շատ աշխատեն իրենց վրա՝ իմանալով, թե որ դարում ենք ապրում՝ առավել եւս ունենալով իրենցից հազար գլուխ բարձր կին գործիչներ»,- ասաց նա:

«Միավորված հայերի» ցուցակում ընդգրկված Սիմա Իսկանդարյանը նշեց, որ մեզանում դեռեւս պահպանվում են նահապետական ստերեոտիպերը, եւ պետք է ոչ թե քննադատել երեւույթը, այլ գործել եւ փոխել ինչ-որ բան:

ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը չէր լսել ձեւակերպումը եւ չցանկացավ մեկնաբանել. «Ցավոք մեծամասնականով առաջադրված պատգամավորների մեծ մասը չունեն բանավիճելու կուլտուրա եւ համարձակություն, դրանից խուսափելու համար ամեն արտահայտություն թույլ են տալիս, եթե այդպես է եղել, դատապարտում եմ»,- նշեց ԲՀԿ անդամը:

Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Նվարդ Մանասյան էլ ասաց, որ իրենց կուսակցությունը ընդհանրապես առաջարկում է հանել մեծամասնական ընտրակարգը: Նրա խոսքով՝ դա միակ դեպքը չէր, օրինակ՝ մեկ այլ ժամանակ էլ կանանց օգտագործել էին ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ բռնություն կիրառելու գործում: «Մենք կարող ենք միավորված հանդես գալ հայտարարությամբ եւ թույլ չտալ, որ մարդկանց, որոնց ձեռնոց են նետել, մենակ մնան»,- նշեց ՀՅԴ անդամը:

Կոմկուսի համամասնական ցուցակի անդամ Դոնարա Նալբանդյանը դատապարտեց նման վերաբերմունքը՝ նշելով, որ  ինչքան ԱԺ-ում կանանց թիվը մեծ լինի, տղամարդիկ իրենց ավելի զուսպ կպահեն:

ՀԱԿ-ի ընտրացուցակում ընդգրկված Լիլիթ Մակունցը քննադատեց այդ արարքը եւ նշեց, որ խտրականության հետ գործ ունենք, «Հասունացավ օրենսդրական նախագիծ կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ»,- ասաց ՀԱԿ անդամը:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն վիրավորված կզգա նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրած Գայանե Առուստամյանի հետ բանավեճում նրան հաղթելով, ուստի` պատրաստ է բանավիճել միայն Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նշել էր նաեւ, որ «վախենում է Գայանե Առուստամյանից,  վախենում է, որ կարող է ծեծել իրեն»: «Լավ է բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Ես Գայանե Առուստամյանի հետ ի՞նչ պետք է բանավիճեմ, թող ինքը գնա իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճի. որին ժամանակին քննադատում էր»,- ասել էր նա:

Տպել
Ամենաշատ