ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանն իրեն վիրավորված կզգա նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Գայանե Առուստամյանի հետ բանավեճում նրան հաղթելով, ուստի` պատրաստ է բանավիճել միայն Հայ ագզային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Գայանե Առուստմայանի` իրեն բանավեճի հրավիրելու առաջարկին: «Գայանե Առուստամյանը կին է, եւ ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ «վախենում է Գայանե Առուստամյանից,  վախենում է, որ կարող է ծեծել իրեն»: «Լավ է բռնցքամարտի մրցման չի հրավիրել: Ես Գայանե Առուստամյանի հետ ի՞նչ պետք է բանավիճեմ, թող ինքը գնա իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճի. որին ժամանակին քննադատում էր»,- նշեց նա:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, լրագրող, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանը իրեն մրցակից է համարում նույն ընտրատարածքում առաջադրված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրան հրավիրել  բանավեճի: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր պատգամավորության թեկնածու  Գայանե Առուստամյանը: «Ռուբեն Հայրապետյանն է իմ մրցակիցը, եւ իշխող ռեժիմն է, որի դեմ միշտ պայքարել եմ որպես քաղաքացի, որպես լրագրող եւ Ռուբեն Հայրապետյանը խորհրդանշում է այդ ռեժիմը»,- նշեց նա: Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում առաջդրված «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանին, ապա լրագրողն ասաց, որ նրա հետ բանավիճելու խնդիր չունի: «Ես նրա քաղաքական գործունեությունը լուսաբանել եմ, հիշում եմ նրան, եթե որեւէ ֆորմատում հայտնվենք, նրա հետ էլ կխոսեմ»,- ասաց նա:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը, ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը եւ ինքնառաջադրմամբ Արսեն Մանուկյանը: