Մեծ Բրիտանիայում մոտ 700 բանտարկյալ ազատ է արձակվել բանտերում տեղերի պակասի խնդրի լուծմանն ուղղված կառավարական ծրագրի շրջանակում, գրում է The Telegraph պարբերականը։
«Այսօր ազատ է արձակվել 700 բանտարկյալ, որոնք դատապարտվել էին տարբեր հանցանքների, այդ թվում՝ գողության, բռնի հանցագործությունների և ընտանեկան բռնության համար։ Նրանք բոլորը ճաղերի հետևում անցկացրել են 575 օրից պակաս ժամանակ և ազատ են արձակվել՝ կրելով իրենց պատժաժամկետի մեկ երրորդը»,- նշում է թերթը։
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ տղամարդկանց բանտերում ազատ տեղերի թիվը հասել է 1134-ի (նախատեսված ընդհանուր 84 953 տեղից)։
Առաջիկա 10 ամիսների ընթացքում վաղաժամկետ ազատ կարձակվի ևս մոտ 4500 բանտարկյալ, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ խմբում կընդգրկվեն ավելի երկար պատժաժամկետ ունեցող անձինք։ Եզրափակիչ խմբում կներառվեն ավելի քան 12 տարվա ազատազրկման դատապարտված բանտարկյալները։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հինգշաբթի օրվանից սկսած՝ ազատ արձակվող բոլոր բանտարկյալներն ազատվելուց հետո 48 ժամվա ընթացքում էլեկտրոնային թևնոցներ կկրեն։
2024 թվականից բրիտանացի իրավապահները բանտերի գերբեռնվածության պատճառով հնարավորություն են ստացել հանցագործներին ազատ արձակել իրենց պատժի կեսը կրելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր այս ծրագրով ազատ է արձակվել շուրջ 60 հազար մարդ։





























