News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թիվ 2 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է իր մրցակից Սամվել Ֆարմանյանի (ՀՀԿ) հետ ունեցած իր բանավեճին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց տան լուսանկարը` ցուցադրելով այն հեռուստադիտողին:

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ որպես դիվանագետ իմ պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել եմ եկամուտի հայտարարագրեր: Նշեմ նաեւ, որ հպարտանում եմ այն հանգամանքով, որ ընտանիքիս անդամների օժանդակությամբ կարողացել եմ հիմք դնել եւ կառուցել մի հարմարավետ տուն, որը բաց է բոլորի առջև:

Ֆարմանյանի կողմից մասնավոր հարցի հանրայնացման կապակցությամբ կրկնում եմ հեռուստաբանավեճի ժամանակ իմ հայտարարությունը, համաձայն որի.

Կոչ եմ անում մրցակցիս կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը;

Կոչ եմ անում Ս. Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաեւ 15 քմ-ից մինչև 18 քմ ծավալով թվով 27 քարոզչական պաստառները  բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 (!) դրամ): Այդ վճարումով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ  հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն:

Նույն հանձնաժողովը նաեւ ուսումնասիրի Սերժ Սարգսյանի եղբոր եւ փեսա՝ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի եկամուտները՝ սկսած 2000թ.;

Հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները Հայլուր ծրագրով:

Դրանով մենք կնպաստենք քաղաքական գործիչների գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեք բնակչության իրազեկությունը պետական պաշտոնյաների վերաբերյալ:

Ս. Ֆարմանյանի կողմից իմ առաջարկության անտեսումը կհամարեմ որպես նրա կողմից.

ա. իմ անձնական կյանք ներխուժելու անպատվաբեր փորձ եւ քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում:

բ. իր քարոչզության եւ գաղափարական հովանավորներ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի մասնավոր գործունեությունը պարտակելու միտում:

Հայտնում եմ նաեւ, որ իմ եկամուտների հայտարարագիրը, օրենքի պահանջով, ներկայացվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ տեղադրվել է իմ անձնական www.vladimirkarapetian.am կայքում»:

Տպել
Ամենաշատ